Գենը, որը կապված է անհանգստության խանգարումներ հետ, զրկում է մարդուն ուրիշներին օգնելու ցանկությունից, պատմում է Medical News Today-ը՝ վկայակոչելով Միսսուրիի ու Նեբրասկայի համալսարանների աշխատանքները: Այսպես, 5-HTTLPR գենի առկայությունը զուգորդվում է սոցիալական անհանգստության բարձր մակարդակով եւ հանգեցնում է սոցիալամետ վարքագծի հակումների բացակայության:

Նման վարքագիծն արտահայտվում է սոցիալական հմտությունների կիրառմամբ ու հանդիսանում է մարդու առողջության ու բարեկեցության ցուցանիշ: Սոցիալապես ակտիվ մարդիկ, որպես կանոն, տարբերվում են առողջությամբ, ակադեմիական ու կարիերայի բնագավառում հաջողություններով: Նրանք ավելի խորը միջանձնային հարաբերություններ են հաստատում, ինչն օգնում է սթրեսի հաղթահարման ժամանակ:

Հայտնի է, որ ուղեղում սերոտոնինի համակարգը բջիջների միջեւ նյարդային իմպուլսներ է հաղորդում եւ ազդում է մարդու սոցիալամետ վարքագծի վրա: Գիտնականները որոշել են պարզել, արդյոք ազդում է 5-HTTLPR գենի առկայությունը դրա անհանգստության վրա: Մասնագետները ուսումնասիրել են 398 ուսանողի գեներն ու նրանց վարքագիծը, հաղորդում է MedDaily.ru-ն:

Պարզվել է, որ 5-HTTLPR-ի ու սոցիալամետ պահվածքի միջեւ հզոր կապ կա: Մասամբ այն կապված է սոցիալական անհանգստության հետ: Օրինակ, S-ալելի կրողները (ալել՝ միեւնույն գենի հնարավոր մի քանի ձեւ) հաճախ խուսափում էին սոցիալական կապերից ու հազվադեպ էին օգնում շրջապատին: Ստացվում է, որ սերոտոնինի գենը որոշում է սոցիալական անհանգստության անհատական մակարդակը: Եվ այդ առանձնահատկությունները մասամբ բացատրում են, թե ինչու են որոշ մարդիկ ավելի հակված սոցիալամետ վարքագծի դրսեւորման: