«Ռոբերտ Քոչարյանը՝ որպես նախկին նախագահ, իրավունք ունի իր տեսակետը հայտնելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեսակետ է հայտնել հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը՝ մեկնաբանելով Ռ. Քոչարյանի կողմից երկրի տնտեսական վիճակի մասին վերջին քննադատական հայտարարությունները:
«Ինչ վերաբերում է երկրի տնտեսական վիճակին, մասնավորապես՝ կապված շինարարության ոլորտում ակտիվ գործունեությունը շարունակելու առաջարկությանը, ապա դա միայն Քոչարյանի դիրքորոշումն է, որը կարիք ունի քննարկման»,- ասել է պատգամավորը:
Այնուհետեւ անդրադառնալով ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի վերջին հայտարարություններին, որտեղ վերջինս խոսել էր ԼՂ բանակցային գործընթացում ձախողման եւ իշխանափոխության անհրաժեշտության մասին, Մ. Մինասյանը նշել է, որ Վ. Օսկանյանի այս քաղաքական ակտիվությունը տեղին չէ: Նրա խոսքով, Օսկանյանին պետք է հիշեցնել, որ նա ընդամենը ՀՀ քաղաքացի է, եւ նրա դիվանագիտական ջղաձգումները տեղին չեն:
«Եկեք չմոռանանք, որ հենց այն տարիներին, երբ Օսկանյանը զբաղեցնում էր ԱԳ նախարարի պաշտոնը, Ղարաբաղը դուրս է մղվել բանակցային գործընթացից»,- ընդգծել է հանրապետական գործիչը:
Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանի ԱԳ նախարար եղած 10 տարիներին ՀՀԿ-ն եղել է իշխող ուժը Հայաստանում եւ 100 տոկոսով պաշտպանել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի վարած արտաքին քաղաքականությունը` որեւէ անգամ չքննադատելով այն:




























