Ոչ մի երկիր միայնակ չի կարող պայքարել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ. այն ավելի համակարգված եւ արդյունավետ կարող է լինել, եթե կա համագործակցություն եւ կոնկրետ միջոցառումների ցանկ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը, որը հոկտեմբերի 21-23-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:

Յուրի Ֆեդոտովը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած այցի նպատակն է ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի եւ ՀՀ պետական պատկան մարմինների միջեւ համագործակցության ուղիների նախանշումն ու զարգացումը:

ԱԱԽ քարտուղարը նախ կարեւորել է Յուրի Ֆեդոտովի այցը եւ իր պատրաստակամությունը հայտնել զարգացնելու եւ խորացնելու սկիզբ առնող համագործակցությունը: Արթուր Բաղդասարյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանն արդյունավետորեն պայքարում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ, որի արդյունքում այսօր Հայաստանում թմրանյութերի օգտագործման եւ տարածման ցուցանիշները բավականին ցածր են:

Նա տեղեկացրել է նաեւ, որ իր գլխավորությամբ գործում է Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով, իսկ ՀԱՊԿ շրջանակներում ամեն տարի իրականացվում է «Կանալ» հակաթմրանյութային գործողությունը, իսկ ԱԱԽ աշխատակազմը մշակել է Թմրամոլության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը, որը շուտով կհաստատվի Անվտանգության խորհրդի նիստում:

Արթուր Բաղդասարյանի խոսքով այս եւ բազմաթիվ այլ ձեռնարկվող միջոցառումներ թույլ են տալիս, որ Հայաստանում այդ չարիքի դեմ իրականացվի արդյունավետ պայքար:

Արթուր Բաղդասարյանն ու Յուրի Ֆեդոտովը պայմանավորվել են առաջիկայում Հայաստանի եւ ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջեւ համագործակցության հուշագիր ստորագրելու վերաբերյալ: