Գերմանացի եպիսկոպոս Ֆրանց-Պետեր Տեբարց վան Էլստը որոշել է ժամանակավորապես դադարեցնել աշխատանքը: Հոգեւորականը խոշոր սկանդալի մասնակից է դարձել. նա իր նստավայրի վրա 31 մլն եվրո է ծախսել, որը կազմում է  ավելի քան 42 մլն դոլար:

Գերմանական Լիմբուրգ քաղաքի եպիսկոպոսը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպումից հետո, որը տեւել է 20 րոպե, որոշ ժամանակով հեռացվել է եկեղեցուց: Նման որոշման համար հիմք է հանդիսացել նրա հակումները շքեղության նկատմամբ ու թանկարժեք կահույքի վրա ծախսած գումարները:

«Սուրբ աթոռը նպատակահարմար է համարում եպիսկոպոս Ֆրանց Պետեր Տեբարց վան Էլստին արձակուրդի ուղարկել,- հաղորդել են Վատիկանում:- Իրավիճակն այնպիսին է, որ այժմ եպիսկոպոսը չի կարող իր պարտականությունները կատարել»:

Նախատեսվում է, որ Ֆրանց Պետեր Տեբարց վան Էլստինի արձակուրդը երեք ամիս կտեւի: Այդ ընթացքում ծրագրվում է Վատիկանում ավարտին հասցնել եպիսկոպոսի հանդեպ սկսված հետաքննությունը, հայտնում է Russia Today-ը:

Այն ժամանակ, երբ Վատիկանում տնտեսական խիստ ռեժիմ է հայտարարված, գերմանացի եպիսկոպոս Ֆրանց Պետեր Տեբարց վան Էլստը 350 հազար եվրո է ծապսել նախասրահի պահարանների ձեռքբերման ու 15 հազար եվրո լոգարանի գնման համար: Լիմբուրգ քաղաքում գտնվող նստավայրի վերանորոգման աշխատանքները պետք է կազմեին 13,5 մլն եվրո: Սակայն դրանք հասել են 31 մլն-ի:

Վան Էլստի պահվածքն այնքան է բարկացրել Լիմբուրգի որոշ բնակիչների, որ նրանք շքեղ ամրոցի մոտակայքում ցույց են կազմակերպել: