Մեծ շահեր են եղել 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության իրագործման հարցում, ով իմանա՝ մեծ տերությունների շահեր. համենայնդեպս, ես հաստատ կարող եմ ասել, որ Վազգենի, Դեմիրճյանի, հոկտեմբերի 27-ի բոլոր զոհերի վրա կրակողը հայ ազգի վրա է կրակել, հայոց պետականության վրա է կրակել: Այս մասին, հոկտեմբերի 27-ի ոճրագործության 14-րդ տարելիցին ընդառաջ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Նա պատասխանեց նաեւ ազատամարտիկների եւ Զորի Բալայանի նամակի շուրջ եւս մի քանի հարցի:
Պարոն Գրիգորյան, հոկտեմբերի 27-ից 14 տարի է անցել, բայց կարծես, թե հիշողությունը թարմ է: Տարիներ անց այդ օրը ինչպե՞ս եք անցկացնում:
Առավոտյան ողջ երկրապահական ընտանիքը կայցելի Եռաբլուր: Այնուհետեւ ԵԿՄ պատվիրակությունները կլինեն Ազգային պանթեոնում՝ հարգանքի տուրք մատուցելու Կարեն Դեմիրճյանին, կլինեն Նորքում՝ հարգելու Արմենակ Արմենակյանի հիշատակը: Պատվիրակություններ կայցելեն նաեւ Յուրա Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Միքայել Քոթանյանի եւ Հենրիկ Աբրահամյանի շիրիմներին: Կարծում եմ` նրանք բոլորն էլ պետական մտածողություն ունեցող այրեր էին, որ կանգնած էին պետության կայացման ակունքներում: Բոլոր մարզերում, ուր կան Սպարապետի հուշարձաններ, Արցախյան ազատամարտի զոհված, անհայտ կորած հերոսների հուշարձաններ, հուշաքարեր, եղբայրական գերեզմաններ, կայցելեն երկրապահական պատվիրակությունները: Հոկտեմբերի 27-ն ամբողջությամբ հիշատակների հարգման օր է: Դա մեր օրացույցի ամենասեւ օրերից է:
Համարո՞ւմ եք, որ հանցագործությունն ամբողջությամբ բացահայտված է:
Չեմ կարող այդպես համարել: Մեծ շահեր են եղել արանքում, ով իմանա՝ մեծ տերությունների շահեր: Համենայն դեպս, ես հաստատ կարող եմ ասել, որ Վազգենի, Դեմիրճյանի, հոկտեմբերի 27-ի բոլոր զոհերի վրա կրակողը հայ ազգի վրա է կրակել, հայոց պետականության վրա է կրակել: Այս ոճրագործության հեղինակները՝ կազմակերպողից, նախագծողից, համակարգողից մինչեւ իրականացնող, բոլորն էլ հայ ազգի, Հայաստան պետության թշնամիներ են: Այդ արարքի նպատակը Հայաստանն ու հային թուլացնելն է եղել: Ու այսօր մենք պարտավոր ենք ուժեղ լինել, միասնական լինել, բոլոր ասպարեզներում զորեղանալ, հզորանալ, որպեսզի թշնամին հասկանա, որ հայ ազգին կոտրել հնարավոր չէ: Հզոր անձանց սպանելով հնարավոր չէ ոչնչացնել նրանց գաղափարները, հնարավոր չէ կոտրել հայ ազգի ոգին:
Վազգենի պակասը զգացվո՞ւմ է, շա՞տ եք հիշում նրան:
Վազգենին ոնց կարելի է չհիշել: Մեր սպարապետը, Երկրապահի հիմնադիրը, հայոց բանակի հիմնադիրը հայոց պատմության ամենավառ անհատականություններից էր՝ շատ ուժեղ ու հզոր մարդ, հայրենասեր, որ եթե երկար ապրեր, հիմա հաստատ մեր պետությունն առավել հզոր պիտի լիներ: Հայ մարդը չի կարող Վազգենի պակասը չզգալ, իսկ նրան անձամբ ճանաչած, նրա հետ ճանապարհ անցած, ընկերություն արած մարդու համար, հավատացեք, ուղղակի դժվար է առանց նրա ապրելը: Ոչ միայն Վազգենի, իմ բոլոր զոհված մարտական ընկերների կարիքն էլ զգում եմ:
Իսկ երկրապահն ի՞նչ է անում Վազգեն Սարգսյանի գործը շարունակելու համար:
Մեր ողջ գործունեության հիմքում դրված է Սպարապետի գաղափարախոսությունը: Ուրիշ բան չասեմ: Հենց միայն պատանի եւ երիտասարդ երկարպահ ստորաբաժանումների ստեղծումը, կայացումն ու այսօրվա գործունեությունն ամեն ինչ արժեն: Մենք երեխաներին, դեռ պատանի հասակից սովորեցնում ենք մարտարվեստ, զենքին տիրապետել, հայոց պատմություն, շարային պարապմունքներ ենք անցկացնում: Պատանիներն ու երիտասարդները հայրենաճանաչողության, հայրենասիրության բաց դասեր են անցնում՝ լինելով բոլոր սահմանամերձ բնակավայրերում՝ Արցախ, Տավուշ, Սյունիք եւ այլուր: Նրանք մասնակցում են երկրապահական ուխտագնացություններին, այցելում են զոհվածների, անհայտ կորածների հուշարձաններին, խաչքարերին: Այսօր Հայաստանի բոլոր բնակավայրերում ունենք պատանի երկրապահ կառույցի ստորաբաժանումներ՝ մի քանի հազար երեխա: Բանակին պատրաստի, հայեցի դաստիարակված կադրեր ենք մատակարարում, որոնք ամենաօրինակելի զինվորներ են դառնում: Մշտապես բանակից շնորհակալագրեր ենք ստանում, որ մեր պատանի երկրապահ կառույցով, երիտասարդ երկրապահ կառույցով անցածներն ամենալավ զինվորներն են: Բա սա Սպարապետի գործի շարունակում չէ՞:
Հետաքրքիր է, իսկ պատերազմի ժամանակ կայի՞ն հակասություններ տարբեր կուսակցությունների անդամ ազատամարտիկների միջեւ: Ինչպե՞ս էր դա դրսեւորվում:
Նման բան ես ռազմի դաշտում չեմ տեսել: Չի եղել նման բան: Եղել է ընդհանուր նպատակ, հրամանների ընդհանուր կատարում: Մենք հայրենական պատերազմ էինք մղում, պարտադրված պատերազմ: Եվ միասնական էինք: Բոլորիս նպատակն էլ մեր տարածքները ազատագրելը, պահպանելն ու թուրքին խաղաղություն պարտադրելն էր: Ինչին հասանք, ցավոք, բազմաթիվ զոհերի շնորհիվ: Բայց ամենամեծ ձեռքբերումը, որ ունեինք, միասնականությունն էր: Մեր ամենամեծ հաջողությունները հենց այն դեպքերում էին լինում, երբ Ադրբեջանում ներքին երկպառակություններ էին: Մենք օգտվում էինք այդ հնարավորությունից եւ հասկանում , որ նման հնարավորություն թշնամուն տալու իրավունք չունենք: Հիշեք՝ հայի հաղթանակների ամենակարեւոր պայմանը միասնականությունն է: Մենք պատերազմի դաշտում հարգում էինք միմյանց, հոգատար վերաբերվում: Այ, օրինակ, եռամսյա հավաքների էին գալիս անփորձ ջահելներ, որ մինն ու գրանատն իրարից չէին տարբերում, փամփուշտները չէին տարբերում՝ Ա-Կա-էՍ էր, թե Ա-Կա-էՄ: Նրանց մենք թույլ չէինք տալիս տալիս միանգամից առաջին գիծ դուրս գալ: Սովորեցնում էինք, համոզվում, որ արդեն պատրաստ են, նոր թույլ տալիս մասնակցել ռազմական գործողության: Ադրբեջանցիք այդպես չէին անում: Նրանք իրենց զինվորին, իրենց քաղաքացուն չէին հարգում, արժեք չէին համարում, ամեն անփորձի քշում էին առաջին գիծ ու դրա համար էլ մեզանից բազմապատիկ ավելի զոհեր տվեցին:
Ի՞նչ կարծիքի եք Զորի Բալայանի բաց նամակի մասին` ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Արցախյան գոյամարտի ակունքներում կանգնած մեծ մտավորականը իր կարծիքն է հայտնել: Կոմիսարի հետ կարելի է համաձայնել եւ չհամաձայնել: Տասը միլիոն հայ կա, տասը միլիոն` կարծիք: Որոշումը մեկն է: Եվ ինչպես ասում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը` Արցախի հարցը մենք ազգովի ենք բարձրացրել, ազգովի էլ պիտի վճռենք Արցախի ճակատագիրը: Ինչպես Վազգենի համար, այնպես էլ ինձ համար, ամեն մի երկրապահի համար, Երկրապահ կամավորականների միության համար Արցախի անկախությունն այլընտրանք չունի: Երկրապահը շարունակելու է ամեն ինչ անել Արցախ պետության կայացման, հզորացման համար: Ես, որպես երկրապահ, իմ առաքելությունն ավարտված չեմ համարի, մինչեւ Արցախը չդառնա միջազգայնորեն ճանաչված պետություն:
Թեեւ խոսել ենք ազատամարտիկների դժգոհությունների մասին, բայց մի խումբ ազատամարտիկներ շարունակում են բողոքի ակցիաները պահանջելով սոցիալական իրավիճակի բարելավում: Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը:
Բոլոր երկրներում էլ կան դժվարություններ, խնդիրներ: Մի պետություն ավելի հեշտ է լուծել այդ խնդիրները, մյուսը` դժվարությամբ: Եկեք չմոռանանք որտեղից ենք գալիս` 88-ի երկրաշարժ, Արցախյան գոյամարտ, որ դեռ շարունակվում է, տնտեսական շրջափակում: Ի՞նչ է մեզ անհրաժեշտ: Բոլոր խնդիրները հնարավոր չէ միանգամից լուծել: Առաջնահերթ պետք է կանգնեցնել արտագաղթը: Իսկ դրա համար անհրաժեշտ է ստեղծել աշխատատեղեր: Աշխատունակ ազգաբնակչությունը պետք է գտնի համապատասխան տեղն աշխատաշուկայում, իսկ հաշմանդամին, թոշակառուին պետությունը պետք է կարողանա քիչ թե շատ բարեկեցիկ կյանք երաշխավորել: ՀՀ նախագահն էլ, պաշտպանության նախարարն էլ երկրապահ են, մեզանից մեկն են: Արդեն քանի անգամ է` կրկնում եմ այս միտքը: Նրանք բոլորից լավ գիտեն ազատամարտիկների խնդիրները: Այսօր առաջին հերթին պետք է հոգ տանել գործող բանակի մասին, սահմանին կանգնած սպայի մասին, զինվորի մասին, պետք է ժամանակակից սպառազինություն ունենանք: Դրանից հետո միայն կարող ենք մնացյալ հարցերը դրական լուծել: Աստիճանաբար բոլոր հարցերն էլ կկարգավորվեն: Պետք է լավատես լինել: Դժվարությունները մարդու համար են: Ես ինքս, մեր ընկերներից շատերը պատերազմի ժամանակ գերվել ենք սովետական Սպեցնազի, ադրբեջանական օմօնի կողմից: Բայց հույսներս չենք կորցրել: Գերությունից վերադառնալուց հետո էլ հավատարիմ ենք մնացել մեր արժեքներին, շարունակել ենք մեր պայքարը, պատերազմը եւ հաղթել ենք: Ինչպես Վազգենն էր ասում` խավարն անիծելու փոխարեն լավ է յուրաքանչյուրս մի մոմ վառենք: Միասնական լինենք, որ ազգովի հաղթահարենք բոլոր բարդությունները: Միասնական լինենք, որ չկրկնվեն հոկտեմբերի 27-երը:
Զրուցեց Տաթեւ Մեսրոպյան





























