Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի եւ Բալկանյան երկրների աթլետիկայի ֆեդերացիաների ասոցիացիայի (ԲԵԱՖԱ) ղեկավարությանը՝ Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, լեգենդար մարզիկ Սերգեյ Բուբկայի գլխավորությամբ:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թեհանդիպման մասնակիցները ասոցիացիայի անդամ երկրների ներկայացուցիչների, այդ թվում՝ համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք անվանի մարզիկների հետ Հայաստան են ժամանել ս.թ. հոկտեմբերի 27-30-ը մասնակցելու Բալկանյան երկրների ասոցիացիայի կազմում ընդգրկված ֆեդերացիաների մարզական արդյունքների տարեվերջյան ամփոփմանը: Հայաստանը հիշյալ ասոցիացիայի անդամ է դարձել 2012 թվականից եւ հյուրերի հավաստմամբ, արդեն իսկ որոշակի առաջընթաց է արձանագրել աթլետիկայի զարգացման ուղղությամբ, ինչը հիմք է դարձել ԲԵԱՖԱ-ի տարեկան ամփոփիչ միջոցառումը Երեւանում անցկացնելու համար:

Սերժ Սարգսյանը ողջունել է տարբեր երկրներից ժամանած հյուրերին՝ ընդգծելով հատկապես երիտասարդ սերնդի համար անվանի մարզիկների հետ շփվելու կարեւորությունը, մարզաձեւի զարգացման ուղղությամբ նրանց կողմից իրականացվող միջոցառումները, որոնք խրախուսում են երիտասարդներին:

Հանդիպմանը Սերգեյ Բուբկան եւ աթլետիկայի ֆեդերացիաների ղեկավարները Հանրապետության նախագահին ներկայացրել են Բալկանյան երկրների աթլետիկայի ֆեդերացիաների ասոցիացիայի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը: Նրանք պատրաստակամություն են հայտնել Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի հետ շարունակել աջակցությունը Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիային՝ այդ մարզաձեւի զարգացումը Հայաստանում հնարավորինս խթանելու նպատակով: Հյուրերը կարեւորել եւ բարձր են գնահատել նաեւ մարզաձեւի նկատմամբ Հայաստանում զգալի հոգածությունն ու ուշադրությունը, ինչը, նրանց համոզմամբ, աթլետիկայի զարգացման կարեւոր գրավականներից է: