Մշակութային կամուրջը մեկ օրով կմիացնի Հայաստանն ու Ճապոնիան:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է հայ-ճապոնական գիտակրթական մշակութային «Խիկարի» կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը, «կամուրջը» կկայանա նոյեմբերի 14-ին ու կներառի մի շարք միջոցառումներ:

Մեկնարկը կտրվի ժամը 15-ին «Խիկարի» կենտրոնի շենքում: Միջոցառմանը ակնկալվում է Հայաստանում Ճապոնիայի դեսպանության ներկայացուցիչների(նստավայրը Մոսկվայում) մասնակցությունն, ինչպես նաեւ հյուրեր Ճապոնիայից:

Միջոցառումների շարքում է մրցանակների հանձնումը: 2011թ.-ին էսթետիկ դաստիարակության կենտրոնի սաներն ու «Խիկարի» կենտրոնի սաները մասնակցում էին գեղարվեստական ցուցահանդեսին, որը կազմակերպել էր Hicari home ճապոնական կազմակերպությունը, ու արժանացել էր ոսկե, արծաթե մեդալների: Անցյալ տարի օգոստոսին հայտարարվեց աշխարհում լավագույն լուսարձակների մրցույթը: Հաղթողների մրցանակները կհանձնեն «կամուրջի» շրջանակներում: «Առանձին մրցանակ է սահմանված մեր բոլոր մրցույթներին մասնակցող աղջկա համար: Նա խոստացել է շարունակել մասնակցությունն անգամ երբ տատիկ լինի, ու իր թոռնիկերի մեջ սեր կսերմանի դեպի ճապոնական մշակույթը»,- նշել է Կարինե Փիլիպոսյանը:

Կամուրջի ընթացքում կցուցադրեն մանկական ստեղծագործությունների հավաքածու, որոնք ներկայացվել են «Ճապոնիան հայ երեխաների աչքերով» մրցույթին: «Մենք նաեւ ջանքեր կգործադրենք փոքրիկ ցուցահանդես կազմակերպելու համար: Կցանկանայինք ցույց տալ, թե ինչպես են հայ երեխաները տեսնում Ճապոնիան»,- հավելել է կենտրոնի ղեկավարը:

Երաժշտական դպրոցի փոքրիկ հյուրերը հյուրերին կուրախացնեն ճապոնացի հեղինակների ստեղծագործությունների կատարմամբ: «Կամուրջի կարեւորագույն մասը Հայաստանում բնակվող ճապոնացիների մասնակցությունն է: Նրանցից մեկը կներկայացնի Չարենցի բանաստեղծությունները, մյուսները ցանկություն են հայտնել ներկայացնել «Ծիծեռնակ» ստեղծագործությունը(հայկական ժողովրդական երգ՝ Կոմիտասի մշակմամբ)»: