Երեւանում հոկտեմբերի 30-ին մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան նստաշրջանի արդյունքների եւ ՀԱՊԿ շրջանակում միջազգային պայմանագրերի վավերացման ուղղությամբ աշխատանքի մասին տեղեկատվությամբ հանդես կգա Կազմակերպության Քարտուղարության տեղեկատվական ծրագրերի վարչության պետ Ալեքսանդր Վինիդիկտովը:
Խորհրդարանականները կլսեն ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, Պետդումայի Անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման հանձնաժողովի անդամ Անատոլի Վիբորնիի զեկույցը 2013թ. սեպտեմբերի 25 – 26-ն Մինսկում կայացած խորհրդակցության արդյունքների վերաբերյալ:
Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի աշխատանքների եւ պաշտպանության ու անվտանգության ոլորտում ազգային օրենսդրության ներդաշնակեցման խնդիրների մասին մասնակիցներին կտեղեկացնի նշված հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Կքննարկվի նաեւ կովկասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը, կկայանա հանդիպում ՀՀ ԱԻ նախարարի հետ:
Նիստի մասնակիցները կքննարկեն «ՀԱՊԿ անդամ պետությունների օրենսդրությունները տեղեկատվական ազատության ապահովման ոլորտում. Փորձ, խնդիրներ եւ ներդաշնակեցման հեռանկարներ» թեմայով միջազգային գիտագործնական խորհրդաժողովի անցկացման պատրաստակամության, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 2014թ. աշխատանքային ծրագրի հետ կապված, ինչպես նաեւ այլ հարցեր:




























