Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միլան Ցաբրնոխին, ով Հայաստան է ժամանել Համագործակցության կոմիտեի բյուրոյի նիստին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի հայկական կողմի համանախագահ, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարեւորել է ԵՄ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացումը եւ խորացումը, որում նշանակալի դերակատարություն ունի միջխորհրդարանական փոխգործակցությունը։
Հանդիպմանը քննարկվել է անցած շաբաթ Եվրախորհրդարանում Եվրոպայի հարեւանության քաղաքականության վերաբերյալ ընդունված բանաձեւը։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ձեւակերպումները հակասում են Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշմանը, ինչպես նաեւ հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջնորդական առաքելության միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին։ Նախարարը հավելել է, որ նմանատիպ ձեւակերպումների հեղինակները պետք է գիտակցեն, որ պատասխանատվություն են կրում կարգավորման գործընթացի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցության եւ եռանախագահների՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին վնասելու համար։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել խորհրդարանական մակարդակով փոխգործակցության հետագա ծրագրերին եւ իրականացվելիք քայլերին։





























