ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը մեր երկրի առաջնայնություններից մեկն է, ուստի անհրաժեշտ է գտնել երկկողմ փոխգործակցության ընդլայնման համապատասխան բանաձեւ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը ողջունել է Երեւանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության բյուրոյի նիստի անցկացումը, որը մեկնարկել է հոկտեմբերի 30-ին:
«Տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանը շահագրգռված է իր արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացմամբ: Տարածաշրջանում ռիսկերը միջազգային փորձագետների գնահատմամբ բավական մեծ են եւ մեզ համար անվտանգությունն ունի առաջնային նշանակություն»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ չնայած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամակցությանը՝ Հայաստանը շարունակում է ընդլայնել համագործակցությունը նաեւ ՆԱՏՕ-ի հետ:
Միլան Ցաբրնոխը եւս կարեւորել է երկկողմ փոխգործակցության ընդլայնումը եւ ընդգծել խորհրդարանական կապերի սերտացման անհրաժեշտությունը: ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահը վստահություն է հայտնել, որ մուտքի արտոնագրի դյուրացման համաձայնագիրը եւս կնպաստի ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային այլ հարցերի:





























