«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանի անձնական թշնամության, հակամարտության մասին որեւէ տեղեկատվություն չունեմ, չգիտեմ՝ նման խնդիր կա, թե ոչ։
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի ասուլիսում հնչեցրած գնահատականներին, թե «հո օդանավակայանում սպորտսմենների վիզը ծաղկեպսակ գցելը չի»։
«Իմ համար առնվազն տարօրինակ է այն, որ ինչ-որ մարդկանց համար տարօրինակ է, որ Գագիկ Ծառուկյանը օդանավակայանում դիմավորում է մեր հաղթանակած հայրենիք վերադարձող մարզիկներին, իսկ ո՞վ է գիշերուզօր այդ մարզիկների թիկունքին կանգնած, ո՞վ է տարիներ շարունակ հաջողության հասնելու համար նրանց ստեղծում բոլոր նպաստավոր պայմանները, ո՞վ է բարոյապես աջակցում հայ մարզիկներին, ես կուզենայի այդ հարցերի պատասխանները ստանալ։ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը սրտացավ է յուրաքանչյուր մարզիկի, յուրաքանչյուր հաղթանակի եւ ինչու չէ նաեւ պարտության համար, մշտապես նրանց կողքին կանգնած է, եւ դա միայն օդանավակայանում չի սահմանափակվում։ Եթե ինչ-որ մարդկանց համար դա անհասկանալի է կամ միգուցե դուր չի գալիս, ապա դա բացառապես նրանց խնդիրն է։ Նույն այդ մարդկանց երբեւէ որեւէ մեկը չի արգելել գալ օդանավակայան՝ դիմավորելու կամ շնորհավորելու մեր մարզիկներին, պարզապես երեւի չինովնիկական խաղաղ քունը նրանք շատ ավելի են գերադասել, քան ասենք գիշերային ժամերին կամ լուսաբացին մարզիկներին դիմավորելու համար օդանավակայան հասնելը եւ նեղություն քաշելը։ Խնդիրն այստեղ այն է, որ կարող եք հետաքրքվել, թե նույն այդ չինովնիկերը պաշտոնավարման ընթացքում քանի անգամ են հանդիպել մարզիկներին կամ քանի անգամ են այցելել մարզադպրոց, երեւի թե ձեր հարցի պատասխանը կլինի զրո, ամեն ինչ պարզ է դառնում, այդ դեպքում ավելացնելու քիչ բան է մնում, թերեւս միայն այն, որ մասնագիտական խանդը կամ նախանձը տղամարդուն հարիր որակներ չեն»,- ասաց մամուլի քարտուղարը։
Նա նշեց, որ Ծառուկյանը բազմիցս շեշտել է, որ սպորտը պետք չէ քաղաքականացնել, ինչ վերաբերում է Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությանը, ապա ՀԱՕԿ-ը համապատասխան հայտարարություն տարածել է եւ շեշտել է, որ այստեղ խնդիրը քաղաքական չէ, այլ ՄՕԿ-ի միջազգային տիրույթին համապատասխան ընտրության կազմակերպումն է։
Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանը, ակնարկելով Գագիկ Ծառուկյանին, ասել էր հետեւյալը։ «Սեփական լրատվամիջոց ունեն ու մատուցում են` հայկական սպորտի ղեկավարը, առաջնորդը, թագավորը։ Հայկական սպորտի ղեկավարը դա սպորտի նախարարն է... Ախր ոչ մեկը չի անդրադառնում` ի՞նչ իրավունք ունի` Եվրոպայի կամ աշխարհի չեմպիոնին գնալ, օդանավակայանում մենաշնորհ դարձնել, սեփականաշնորհել: Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները դա սպորտ նախարարության մենաշնորհն է, ՀԱՕԿ-ն ի՞նչ կապ ունի»։ Նա նաեւ անդրադարձել էր Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքներին՝ ասելով, որ այն «հերթական հասարակական կազմակերպություններից է, ինչպես ՀԱՕԿ-ը, եւ սպորտի նախարարությունն է կազմակերպում ֆեդերացիաների ընտրությունները։ «Արթուր Բաղդասարյանն այն մարդկանցից է, որ կարող է սպորտաձեւ ղեկավարել: Կարող է վոլեյբոլի հեղինակությունը բարձրացնել: Պարտադիր ա՞` անպայման ինչ-որ կուսակցությունից լինի այդ ֆեդերացիայի նախագահը, թող տարբեր լինեն, ի՞նչ ա եղել»,- ասել է ՀՖՖ նախագահը։




























