ԵվրաՆեսթի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը ցուցադրաբար լքել է Կիեւում ընթացող նիստի դահլիճը` ի նշան խորհրդարանական վեհաժողովի բանաձեւի դեմ բողոքի:
ԱՊԱ-ի փոխանցմամբ` Սուլեյմանովի հայտարարությունում նշվում է, որ նա այդկերպ իր բողոքն է հայտնում «կազմակերպության կողմից Ադրբեջանի դեմ չլսված հարձակումների, որը բարեկամության, վստահության եւ համագործակցության խորհրդանիշ է»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵվրաՆեսթի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակությունը, ղեկավար Էլհան Սուլեյմանովի գլխավորությամբ, Եվրախորհրդարանին մեղադրել էր ընտրություններին կողմնակալ գնահատական տալու, Բաքվում խռովություններ կազմակերպելու համար եւ հայտարարել, որ Ադրբեջանը կասեցնում է իր մասնակցությունը տվյալ կառույցում:
Սուլեյմանովի հայտարարության մեջ ասվում է գրեթե նույնը, խորհրդարանականը բացարձակ համաձայն չէ ընտրությունների քննադատությանը: Նա ավելի առաջ է գնացել եւ ԽՎ-ի առաջ պայմաններ դրել.
1. Քանի դեռ չեն քննվել այդ դրույթի հայտնվելու պատճառները եւ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել, ադրբեջանական կողմը ստիպված է մտածել ԵվրաՆեսթի ԽՎ-ի հետ համագործակցության ապագա ձեւաչափի մասին;
2. Քանի դեռ չեն ազատագրվել «զավթված տարածքները», Ադրբեջանը` որպես Արեւելյան գործընկերության բաղադրիչ, կասեցնում է այդ կառույցում իր գործունեությունը ԵվրաՆեսթի ԽՎ-ում Հայաստանի նախագահության ժամանակահատվածում:
Թե ինչ կապ ունի Հայաստանը Ադրբեջանի նախագահական ընտրակեղծիքների հետ, Սուլեյմանովը չի մաանրամասնել:





























