Բրյուսելում նոյեմբերի 5-ին եռամյա ընդմիջումից հետո վերսկսվում են Թուրքիայի Եվրամիություն մտնելու շուրջ բանակցությունները: Այն առաջին անգամ հայտ է ներկայացրել 1987թ., բայց առայսօր դրական պատասխան չի ստացել ԵՄ անդամ Կիպրոսի հետ հարաբերությունները չկարգավորելու պատճառով:
Մինչեւ վերջերս կասկածի տակ էր առնվում գերազանցապես մահմեդական Թուրքիայի՝ եվրոպական արժեքներին հավատարիմ լինելու հարցը:
Այս հարցի շուրջ իր մտքերը Еuronews-ին պատմել է Թուրքիայի ԵՄ-ի հետ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը:
«Այն բանից հետո, երբ Ֆրանսիան հանեց առարկությունները, եվրաինտեգրման գործընթացը կարծես մեռյալ կետից շարժվեց:
Մենք բացում ենք ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների նոր՝ 22-րդ գլուխը, որը նվիրված է տարածաշրջանային ինքնակառավարմանը: Եթե ԵՄ մեր գործընկերների քաղաքական պահանջները չլինեին, մենք հեշտությամբ կարող էինք բացել 16 արգելափակված գլուխներից 12-ը»:
Նշենք, 1974թ. Թուրքիան գրավել է Կիպրոսի հյուսիսային մասը եւ առայսօր հրաժարվում է ընդունել Կիպրոսի հարավային՝ հունական մասի կառավարության օրինականությունը: Այդ պատճառով Թուրքիան խնդիրներ ունի ԵՄ-ի հետ: Կիպրոսը ԵՄ անդամ է դարձել 2004թ.:
«Ընթացիկ տարեվերջին Կիպրոսում կարգավորման նոր ծրագիր կներկայացվի: Կարգավորման նախորդ՝ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ներկայացրած ծրագիրը անընդունելի էր կողմերի համար: Հուսով եմ, որ 2014թ. առաջին ամիսներին Կիպրոսի երկու մասերում էլ հանրաքվե կանցկացվի նոր ծրագրի համար: Եթե երկու կողմերն էլ «կողմ» քվեարկեն, 16 գլուխներից 14-ի բացման խոչընդոտները կվերացվեն: Դա Կիպրոսի հարցի վերջնական լուծում չի տա, սակայն Թուրքիայի ԵՄ մտնելու գործընթացը զգալի կարագանա», - հայտարարել է Բաղըշը:




























