Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ նոյեմբերի 5-ին, ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին եւ Ջեյմս Ուորլիքին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Էդվարդ Նալբանդյանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները:
Համանախագահները ՀՀ արտգործնախարարին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները:
Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Բաքվից հնչող բանակցային գործընթացի էությունն ու բնույթը խեղաթյուրող շարունակական հայտարարությունների, եւ վերջերս ադրբեջանական կողմից հրադադարի հաճախակի խախտումների վրա՝ ընդգծելով, որ դրանք վնասում են խաղաղ գործընթացի առաջ մղմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը:




























