Առաջիկա մեկ-երկու ամսում բուռն զարգացումներ են սպասվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Այդ մասին մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար, Հայ ազգային կոնգրեսի անդամ Ալեքսանդր Արզումանյանը՝ մեկնաբանելով ղարաբաղյան կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը:

«Այս իշխանությունները, ժողովրդական լեզվով ասած, իրենց ռետինե խողովակի տեղ են դրել, սպասում են մինչեւ „կամ էշը սատկի, կամ էշատերը“: Ստանձնել են պատասխանատվություն, խոստումներ են տվել, եւ աթոռը պահելու համար ամեն ինչի պատրաստ են գնալ: Այժմ եկել է խոստումները կատարելու պահը, եւ այլեւս որեւէ մեկը թույլ չի տալու, որ խուսանավեն եւ հրաժարվեն խոստումներից»,- նշել է Արզումանյանը եւ հավելել. «Շատ բուռն զարգացումներ են սպասվում առաջիկա մեկ-երկու ամսում: Եւ կամ դիմակը կպատռվի, որ իշխանությունը փորձում է ողջ միջազգային հանրությանը թյուրիմացության մեջ գցել, կամ Հայաստանի հասարակությունը կգիտակցի, թե ինչ է կատարվում, եւ կլինեն բուռն զարգացումներ»:

Ըստ Արզումանյանի՝ այն սկզբունքներից, որ դրված են սեղանին, եւ ոչ մեկը չի բխում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շահերից, եւ դրանցով որեւէ լուծում անընդունելի է: «Մեզ համար ընդունելի է ցանկացած լուծում, որին իր հավանությունը կտա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը»,- նշեց ՀԱԿ ներկայացուցիչը: