Սպիտակակուրծք ծիծեռնակները կարող են երկնքում ավելի քան 200 օր անցկացնել առանց դադարի Եվրոպայից Աֆրիկա թռիչքի ժամանակ: Ընդ որում նրանք կարողանում են անգամ թռիչքի ժամանակ քնել, ի տարբերություն թռչունների մեծամասնության, որոնք երկարատեւ հանգստի կարիք ունեն: Այդ մասին հաղորդում են Զեմպախում Շվեցարական թռչնաբանական ինստիտուտի գիտնականներ Ֆելիքս Լիխտին ու Էրիխ Բեխլերը:
Մեկ տարի առաջ հետազոտողները վեց ծիծեռնակների ամրացրել են GPS գրանցող սարքեր, որոնք առանց դադարի գրանցում էին թռչունների թռիչքը չվելու ժամանակ, ձմեռման ու բազմացման ժամանակ, նրանց շարժման արագությունն ու մարմնի թեքումը: Այս տարվա գարնանը գիտնականները կարողացել են հայտնաբերել գրանցող սարքերով երեք թռչունի, հաղորդում է Geo.ru-ն:
Կես տարի տեւած թռիչքի ժամանակ նրանք հաղթահարել են ավելի քան երեք հազար կիլոմետր՝ առանց վայրէջքի, իսկ եթե երկար դադարներ էին ունենում, ապա միայն մի քանի րոպե: Գիտնականները նկատել են, որ գիշերները թեւերի թափահարումը շատ ավելի քիչ էր, քանի որ թռչունները վերականգնվում են կամ նույնիսկ քնում են երկնքում՝ թռիչքը շարունակելով «ավտոպիլոտի» պայմաններում: Մինչ այժմ համարվում էր, որ միայն ծովային կենդանիներն են կարող միաժամանակ քնել ու առաջ լողալ, ինչպես օրինակ դելֆինները:
Ծիծեռնակները սնվում են դարձյալ երկնքում. միջատներ են որսում կամ այսպես կոչված աերոպլանկտոններ՝ փոշեհատիկներ, փոքր սերմեր, թեթեւ միջատներ կամ սնկեր:
Մեծ սպիտակակուրծք ծիծեռնակների երկարությունը 20 սանտիմետր է, նրանք ապրում են 25 տարի: Նրանք բնակվում են ժայռերի վրայի քարանձավներում Եվրոպայի հարավում, իսկ սեպտեմբերին չվում են Աֆրիկա:





























