Ողջաբերդի թունաքիմիկատների գերեզմանոցի տարածք ծանր տեխնիկա է մտել: Արդյունքում գերեզմանոցի ծածկը հողին Է հավասերեցվել, վնասվել է գերեզմանոցի պաշտպանիչ շերտը, խախտվել է մոտ 2 մետր խորությամբ գերեզմանոցի մակերեսին մոտ գտնվող տարողության ամբողջականությունը: Օդում տարածվում է թունավոր նյութերի ամպ:
Նշենք, որ գերեզմանոցում թաղված է ավելի քան 500 տոննա ժամկետանց եւ կիրառման համար արգելվող` քլոր, ֆոսֆոր եւ թունավոր այլ տարրեր ու միացություններ պարունակող թունաքիմիկատ:
«ԷկոԼուր»-ի հետ զրույցում «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» կազմակերպության նախագահ Ելենա Մանվելյանը նշել է, որ գերեզմանոցի անվտանգության հարցերով պետք է զբաղվեն ամենաքիչը 4 պետական գերատեսչություններ` ՀՀ արտակարգ իրավիճակների, բնապահպանության, առողջապահության եւ գյուղատնտեսության նախարարությունները: «Առաջին հերթին պետք է տեղի բնակչությանը պաշտպանել մթնոլորտ արտանետվող թունավոր նյութերից, որոնց մեջ կարող են լինել այնպիսի թունավոր նյութեր, ինչպես օրինակ` ֆոսգեն գազը, որն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործվեց որպես քիմիական զենք»,- ասել Ելենա Մանվելյանը:




























