Այսօր` մարտի 31-ին Գյումրիի Պատվի Բլուր ռուսական զինվորական գերեզմանատանը տեղի է ունեցել ռուս սպաների հուշարձանի հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վ. Կովալենկոն, Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, հուշահամալիրի բարեկարգման հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպությունից:

Պատվի Բլուրը զինվորական գերեզմանատուն է Գյումրիում, որը ստեղծվել է 1855թ. Ռուս-թուքական պատերազմի հրամանատար, Կովկասյան կորպուսի գեներալ Ն. Մուռավյովի հրամանով: Սովետըական տարիներին Պատվո Բլրի վրա կառուցվել էր մանկական պրոֆիլակտիկ հիմնարկ եւ երկրաշարժից հետո այդ շինությունում ապաստան էին գտել 6 ընտանիքներ, իսկ գերեզմանատան տարածքը իրենից ներկայացնում էր տեխնիկական թափոնների աղբանոց:

2009 թվականի դեկտեմբերի 7-ից մեկնարկել են Պատվի Բլրի բարեկարգման աշխատանքները, որոնք դեռ չեն ավարտվել: Այս տարվա հունվարի 14-ին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է. «Ռուսաստանը երախտապարտ է Հայաստանին 1855 եւ 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմներում զոհված Գյումրիում ռուսական բանակի 156 սպաների հուշարձանի պատրաստման հարցում աջակցության համար: Մենք պայմանավորվել ենք, որ այդ հուշարձանի բացումը դառնա Հայաստանում Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակի նշման կարեւոր իրադարձություններից մեկը»: Ռուսիո Պատրիարք Կիրիլը օրերս Երեւան կատարած այցի ընթացքում նույնպես իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ իշխանություններին Պատվի Բլրի բարեկարգման համար:
Պատվո Բլուրը նախատեսվում է բացել Մեծ Հաղթանակի 65-ամյակի օրերին: