Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերով մարտի 31-ին, «Կոչ ազգին» հաղորդաշարի ժամանակ անդրադարձել է Ցեղասպանության խնդրին:
Էրդողանը կրկին քննադատել է հայկական բանաձեւերը ընդունած ԱՄՆ-ին եւ Շվեդիային` ասելով. «Ամեն տարի նույն բանը մեր դեմ են բերում: Եթե ասեք, որ ամեն տարի դա կրկնելու եք` կներեք, բայց պետք է ասենք, որ ձեր որոշումները մեզ չի հետաքրքրում: Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Շվեդիան 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններում իրական հետքրքրություն չունեն: Այդ իրադարձությունների վերաբերյալ ապացույցներով պարզության հասնող լուրջ եւ օբյեկտիվ մի գիտական աշխատություն կա՞: Դա էլ չկա»,- ասել է Էրդողանն ու հավելել. «Լավ, իսկ ինչո՞ւ են նման որոշումներ ընդունում այդ մարդիկ: Դա անում են իրենց կամ իրենց կուսակցությունների ներքին կամ արտաքին քաղաքական շահերից ելնելով: Դուք այդ իրադարձությունների մասնակից չեք, եթե այդ իրադարձության մասնակից կա` դա Հայաստանն է եւ Թուրքիան»:




























