Կիզլյարում պայթած առաջին պայթուցիկ սարքի հզորությունը, նախնական տվյալներով, կազմել է 200 կգ՝ տրոտիլային համարժեքով:

Պայթյունի տեղում, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Դաղստանի քննչական կոմիտեն, 5 մետր տրամագծով եւ 1,5 մետր խորությամբ փոս է գոյացել:

Նախօրեին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել առողջությունը վնասած կամ զոհված անձանց ընտանիքներին նպաստ հատկացնելու մասին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով՝ զոհվածների ընտանիքները կստանան մեկական միլիոն ռուբլի, ծանր կամ միջին վնասվածքներ ստացածները՝ 400 հազարական ռուբլի, թեթեւ վնասվածք ստացածները՝ 200 հազարական ռուբլի:

Հիշեցնենք, որ նախօրեին Դաղստանում երկու հուժկու պայթյուն էր որոտացել: Առաջին պայթյունը եղել է առավոտյան ժամը 8։42-ի սահմաններում, երբ ոստիկանության աշխատակիցները փորձել են կանգնեցնել «Նիվա» մակնիշի մեքենան: Իսկ 15 րոպե անց ոստիկանական համազգեստ հագած մահապարտ-ահաբեկիչն իրեն պայթեցրել էր ոստիկանության շենքի մոտ: Զոհվել է 12, վնասվածքներ ստացել՝ 23 մարդ: