Հյուսիսային Կիպրոսի թուրքական չճանաչված հանրապետության (TRNC) խորհրդարանն այսօր քննարկելու է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը, հաղորդում է Կիպրոսի հայ համայնքի Gibrahayer պարբերականը:
Պարբերականի տեղեկություններով՝ ձախակողմյան կուսակցության նախագահ Ռեջեփ Լեւենթը հայտարարել է, թե TRNC-ի խորհրդարանի հերթական նիստում ներկայացնելու է Ցեղասպանության փաստը ճանաչող բանաձեւ: Համաձայն Լեւենթի՝ նա այդ քայլով ցանկանում է իր հարգանքը հայտնել Ցեղասպանության զոհերի հետնորդներին, որոնք բնակվում են Կիպրոսում:
«Տասնամյակներ շարունակ Կիպրոսի հայերն ու թուրքերը բնակվել են խաղաղության եւ ներդաշնակության մեջ: Եւ այսօր կիպրացի թուրքերը բարոյական պարտավորություն ունեն հանդես գալ պատմական փաստերի առնչությամբ: Եւ քանի որ մենք բոլորս ցանկանում են լուծել Հյուսիսային Կիպրոսի խնդիրը, ուստի պարտավոր ենք համապատասխան քայլ կատարել Կիպրոսում բնակվող մեր հայ հայրենակիցներին ընդառաջ»,- հայտարարել է Լեւենթը:
Նշենք, որ TRNC-ի խորհրդարանում քննարկումները սկսվելու են տեղական ժամանակով ժամը 11-ին:




























