Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում նախկին նախարար Սաֆար Աբիեւի գործունեության ստուգումներ են անցկացվում: Այդ մասին Modern.az կայքին հաղորդել է նախարարությունում առկա աղբյուրը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ սկսվել է Պաշտպանության նախարարության ունեցվածքի գույքագրում, որը բաժանվել կամ վաճառքի էր հանվել Աբիեւի օրոք: Հաղորդագրության համաձայն՝ Սաֆար Աբիեւն իր ժամանակ վարձակալության է հանձնել կամ տարբեր կազմակերպությունների է վաճառել շինությունների մի մասը, որոնք գտնվում են զինվորական քաղաքում կամ Նախարարությանը պատկանող տարածքներում: «Այժմ ուսումնասիրվում են փաստաթղթերը, ու կիրականացվի օբյեկտների վերադարձման գործընթաց, որոնք այդուհետ կծառայեն ըստ նշանակության»,- հայտնել են նախարարությունում:

Մի քանի օր առաջ պաշտպանության գործող նախարարի հրամանով ցրվել է Պաշտպանության նախարարության բնակարանային ֆոնդի վարչությունը, որի գործառույթներն այժմ կիրականացնի նոր կառույցը:

Ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցների տեղեկություններով՝ Սաֆաեւ Աբիեւը մեծ վնաս է հասցրել ադրբեջանական բանակին: Ինչպես NET-FAX պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներքին անվտանգության վարչության բաժնի պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Վասյակը, Սաֆար Աբիեւը «ողջ բանակային համակարգը հարմարեցրել էր իրեն. պատասխանատու պաշտոններում առաջ էր քաշում անձամբ իրեն հավատարիմ անձանց, հեռացնում էր բարձրաստիճան սպաներին՝ բանակից հեռացնելով կամ նշանակելով երրորդական պաշտոններում, կամ պարզապես նրանց ազատում էր ծառայությունից»: Արդյունքում, ադրբեջանցի փորձագետները համարում են, որ Աբիեւի գործունեությունը հանգեցրել է ադրբեջանական բանակի անվտանգության նվազեցման: