Մարտի 31-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ շարունակվել եւ ավարտվել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի դատաքննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնեական անգործության:
Նիստի սկզբում պատգամավորի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը կրկին անգամ ըստ հերթականության ներկայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այն բոլոր հոդվածներն ու համապատասխան կետերը, որոնցով պարտավոր էր առաջնորդվել Ներսես Նազարյանը, ինչը չի արել:
Դատավոր Էդիկ Ավետիսյանը հեռացել է որոշում կայացնելու և վերադառնալով` հրապարակել Զարուհի Փոստանջյանի բողոքը մերժելու մասին դատարանի որոշումը: Այն կարող է բողոքարկվել 10 օրվա ընթացքում:
Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դատարանի այս որոշումն անպայման բողոքարկելու է ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հայցվոր կողմը նշել է, որ արդարացի կլինի, եթե Եվրոպական դատարանի կողմից մեր երկրի դատական համակարգի սխալների և ապօրինությունների պատճառով ՀՀ-ից հօգուտ դիմումատուների պետբյուջեից վճարվող գումարները գանձել ոչ թե շարքային հարկատուներից, այլ անարդարացի որոշումներ կայացրած դատավորներից:




























