Լատվիայի Սեյմը հրաժարվել է ռուսաստանցի շախմատիստ ու ընդդիմադիր Գարի Կասպարովին քաղաքացիություն շնորհել:
Հասարակության համախմբման հարցերով խորհրդարանական հանձնաժողովն անգամ ըստ էության չի էլ քննարկել հարցը: Հանձնաժողովի նախագահ Իլմար Լատկովսկիսը դա բացատրել է ընթացակարգային նկատառումներով: «Առայժմ մենք որեւէ հիմք չունենք քաղաքացիության տրամադրման հարցը քննարկել: Մենք ծանոթացել ենք բոլոր կանոններին ու անհրաժեշտ փաստաթղթերին, որոնք պետք է ներկայացնել, որպեսզի տվյալ հարցը քննարկվի»,- հայտարարել է նա, հաղորդում է Mixnews-ը:
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Կասպարովին պատասխան նամակ կուղարկեն, որում ընդդիմադիրին կբացատրեն՝ նրա հայցը պատշաճ կերպով չէր կազմված: Սխալն այն էր, որ հայտը հասցեագրված էր առանձին խմբակցություններին, այն ժամանակ, երբ այն պետք էր ուղղել ողջ Սեյմին: Կասպարովին, համապատասխանաբար, կառաջարկեն եւս մեկ անգամ դիմել Լատվիային՝ ներկայացնելով նաեւ ինքնակենսագրությունը:





























