Կառավարության պատվերով անցկացված սոցհարցումներն ուղղվում են հենց իր դեմ: Այդ մասին հայտարարել է խորհրդարանում ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով «Քաղաքական ու սոցիալական խորհրդատվության ինստիտուտի» (IPSC) հետազոտությունը, որն իրականացվել է Հայաստանի կառավարության պատվերով:
«Այս հետազոտության ժամանակ կառավարության պատվերով հարցման ենթարկված անձինք դժգոհ են երկրում տիրող իրավիճակից, իսկ երբեմն հնչում են նաեւ հստակ մեղադրանքներ: Եթե մարդիկ զանգվածաբար լքում են երկիրը, ի՞նչ արձագանք է պետք ակնկալել»,- հայտարարել է Ա. Մինասյանը:
Պատասխան խոսքում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհուրդ է տվել ավելի լավ ծանոթանալ անալիզի բովանդակությանը: «Շատ ոլորտներում բնակչության բավարարվածությունը նկատելիորեն աճել է: Օրինակ, կադաստրի ոլորտում: Համեմատեք, ինչպես են մարդիկ վերաբերում պետական ծառայություններին այժմ ու հինգ տարի առաջ: Ընդհանուր առմամբ այդտեղ արտացոլված է ուղին, որն անցել է մեր կառավարությունը՝ ձեռքբերումներն ու բացթողումները, իսկ վերջինները տեսնելով՝ մենք աշխատում ենք դրանք դնել ճիշտ ուղու վրա»,- հայտարարել է Տ.Սարգսյանը:





























