Հայաստանի Վերահսկիչ պալատի բացահայտումների դեպքում նախարարներն այսուհետ ավելի խիստ պատիժների կարժանանան: Այդ մասին ապրիլի 1-ին կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Բոլոր նախարարներն էլ գիտեն, որ մենք ունենք Հայաստանի նախագահի հստակ հրամանը: 1-ին փուլում նա խիստ զգուշացնում էր բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, որտեղ բացահայտվում էին խախտումներ եւ թերություններ: Այսուհետեւ սկսվում է 2-րդ փուլը, երբ որ այլեւս լինելու են խիստ պատիժներ՝ խախտումների չարաշահումների, բացթողումների վերաբերյալ»,- հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Այդ պատճառով վարչապետը Կրթության եւ գիտության, Տրանսպորտի եւ կապի նախարարներին, որտեղ վերջերս Վերահսկիչ պալատը իրականացրել էր ստուգումներ, հանձարարել է կազմել միջոցառումների ժամանակացույց՝ բացահայտված խախտումները վերացնելու ուղղությամբ:

«2-րդ հանձարարականը տրվում է այն բոլոր նախարարություններին, որոնց վերաբերյալ 2009 թվականին մենք ունեինք պաշտոնական տեղեկագրություն Վերահսկիչ պալատի կողմից, որպեսզի վարչապետին ներկայացնեն տեղեկանքներ առ այն՝ ինչպես են կատարվում բացահայտված թերությունների վերացումները, ինչ փուլում ենք գտնվում դրանք, որպեսզի մնացած բոլոր գումարները նույնպես վերականգնվեն»,- նշել է Տիգրան Սարգսյանը: