Մամուլում հայտնված այն տեղեկությունը, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է մեկնել ԱՄՆ` իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը՝ մարտի 31-ին Թուրքիայի նախարարների խորհրդի նիստից հետո, որը տեւել է յոթ ժամ:

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ` Ջեմիլ Չիչեքը նշել է, որ դեռ հայտնի չէ՝ կմեկնի Էրդողանը ԱՄՆ, թե ոչ: «Դեռ հայտնի չէ, կգնա վարչապետը ԱՄՆ, թե ոչ: Այս հարցով քննարկումները շարունակվում են: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Թուրքիայի դեմ մեղադրանք է ներկայացվել: Թուրքիան դա չի ընդունում: Մենք աշխատեցինք ներկայացնել, որ պատմաբանների որոշումները քաղաքական գործիչների կողմից տալը` վնասներ է բերում: Այդ պատճառով քննարկումները դեռ շարունակվում են»- նշել է Չիչեքը:

Հիշեցնենք, որ թուրքական Sky Turk-ը երեկ տեղեկություն էր տարածել, որ Թուրքիայի վարչապետը փոխել է որոշումը եւ կմասնակցի Բարաք Օբամայի նախաձեռնությամբ ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում կազմակերպվելիք միջուկային անվտանգության համաժողովին: Ըստ թուրքական հեռուստաընկերության Էրդողանը Վաշինգտոն կմեկնի համաժողովից մեկ օր առաջ եւ իր հետ կտանի նաեւ Վաշինգտոնից ետ կանչված դեսպան Նամըք Թանին: