Հայ քաղաքական գործիչներն այս տարի այնքան էլ տրամադրված չեն ապրիլմեկյան կատակների։ Ինչպես նրանցից շատերը խոստովանել են NEWS.am-ի թղթակցին, կեսօրի դրությամբ նրանք դեռեւս չեն հասցրել խաբել ինչ-որ մեկին եւ իրենց հետ էլ ոչ ոք կատակ չի արել։ Ինչպես երեւում է, ժողովրդի ընտրյալների տրամադրությունը նույնականացվում է իրենց ընտրողների տրամադրության հետ։ Իսկ վերջիններս ուրախանալու քիչ առիթներ ունեն, քանի որ գազի գնի բարձրացումը եւ գնաճը փչացրել են նրանց ապրիլմեկյան տրամադրությունը։
Այնուամենայնիվ, հումորի զգացումը որոշ պատգամավորների չի լքում անգամ դժվար պահերին։ Այսպես, հանրապետական Հովհաննես Սահակյանը NEWS.am-ի թղթակցին խոստովանել է, որ առավոտյան հասցրել է խաբել «Հայելի» ակումբի վարող Անժելա Թովմասյանին. «Մամուլի ասուլիսի համար առավոտյան ես „Հայելի“ ակումբ էի հրավիրված, սակայն մի քանի րոպե ուշացա։ Անհանգստացած Անժելան զանգեց ինձ, որպեսզի իմանա, թե ուր եմ ես։ Ես էլ ասացի, թե լուրջ չեմ ընդունել նրա հրավերը՝ կարծելով, որ այն ապրիլմեկյան կատակ է։ Անժելան, իհարկե, անհանգստացավ։ Բայց ոչինչ, մի քանի բաժակ ջուր խմելուց հետո անցավ»,- կատակեց պատգամավորը։ Պատասխանելով այն հարցին, թե որեւէ մեկը խաբե՞լ է իրեն, նա նշեց, որ՝ոչ։ Մեր այն դիտարկմանը, թե նրան խաբելը, երեւի, այնքան էլ հեշտ չէ, պատգամավորը պատասխանեց. «Չէ, ինձ խաբելը շատ հեշտ է, չէ որ ես միամիտ լոռեցի եմ»։
ՀՀԿ ղեկավար Գալուստ Սահակյանը, ի պատասխան այն հարցի, թե սովորություն ո՞ւնի ապրիլի մեկին կատակելու կամ խաբելու, նա պատասխանեց. «Մենք առաջին տարին չէ, որ խաբում ենք»։ «Եվ նույնիսկ քաղաքականությա՞ն մեջ»,- հարցրեցինք մենք։ «Իհարկե»,- վստահ պատասխանեց Սահակյանը։
Իր հումորով հայտնի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն այս տարի ոչ-ոքի չի փորձել խաբել։ Նա խոստովանել է, որ իրեն էլ չեն խաբել, թեեւ դա այնքան էլ դժվար չէ։ «Չէ որ ես միամիտ լոռեցի եմ»,- նկատեց պատգամավորը՝ միաժամանակ ավելացնելով, որ լոռեցիներին միամիտ համարողներն իրենք են միամիտ։




























