«Իբրեւ հայ՝ մտածում եմ, որ եթե Եվրատեսելի մրցույթին գնալս կօգնի այդ աղջկան, ապա ես կգնամ»,- ապրիլի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը՝ խոսելով Եվրատեսիլ-2010 երգի միջազգային մրցոււյթին Հայաստանի ներկայացուցիչ Եվա Ռիվասի հետ համատեղ հանդես գալու մասին։

Նշելով, որ մայիսի 22-ին Օսլոյում կայանալիք մրցույթի առաջին կիսաեզրափակչից (որին, իմիջիայլոց, այլ երկրների ներկայացուցիչների թվում պետք է մասնակցի նաեւ Եվա Ռիվասը) մեկ օր առաջ ինքը համերգ ունի Իտալիայում, նա տեղեկացրեց, որ եթե Եվրատեսիլի կազմակերպիչները եւ Հայաստանի ներկայացուցիչը իր մասնակցության հարցում ինչ-որ կերպ համաձայնության գան, ապա նա, անկասկած, կմասնակցի մրցույթին. «Ճիշտ է, դա ինձ համար պիոներական մրցույթ է, եւ եթե հաշվի առնենք, որ ինձ պետք է դատեն ոչ պրոֆեսիոնալները, ապա դա այնքան էլ լուրջ չէ, սակայն եթե զուտ տեխնիկական խնդիրները լուծվեն, այսինքն՝ կարողանամ համերգից հետո Իտալիայից այնտեղ հասնել, ես, այնուամենայնիվ, կմասնակցեմ Եվրատեսիլի մրցույթին»,- ամփոփեց ՀՀ ժողովրդական արտիստը։

Նշենք, որ մրցույթի հայկական ընտրական փուլը տեղի է ունեցել փետրվարի 14-ին, որտեղ 9 մասնակիցներից հաղթել է Եվա Ռիվասը՝ «Apricote stone» («Ծիրանի կորիզ») երգով: