Google-ը կարող է շարունակել Google Books  գլոբալ էլեկտրոնային գրադարանի ստեղծման աշխատանքները: Այսպիսի որոշում է կայացրել Նյու Յորքի դատարանը, իսկ հայցը դեռեւս 2005 թվականին ներկայացրել էին գրողների միությունն ու էլեկտրոնային գրքերի վաճառողները: Հայցվորները ապացուցում էին, որ գլոբար թվայնացումը եւ գրքերի հասանելիությունը հանգեցնում է գրողների հեղինակային իրավունքների խախտման, հաղոդրում է Vesti.ru-ն:

Կողմերն արդեն նախադատական համաձայնության են եկել: 2008 թվականին կողմերը եկել են համաձայնության, որ Google-ը 125 մլն դոլար կվճարի այն հեղինակներին, որոնց գրքերը սկանավորվել են առանց նրանց համաձայնության, սակայն դատարանն այդ գործարքին հավանություն չի տվել:

Դատարանն ընդհանրապես մերժել է գրողների միության հայցը՝ հայտարարելով, որ գրքի սկանավորումը օրենքի խախտում չէ, իսկ Google-ը գործում է հասարակության շահերից ելնելով: Էլեկտրոնային գրադարանը թույլ կտա ուսանողներին, ուսուցիչներին, հետազոտողներին եւ այլ մարդկանց հեշտությամբ գտնել անհրաժեշտ գրքերը՝ չխախտելով դրանով գրողների հեղինակային իրավունքները:

Ստեղծագործություններն ամբողջությամբ չեն տեղադրվում համացանցում: Եթե գիրքը պաշտպանված է հեղինակային իրավունքով, ապա այն կարելի է ընթերցել միայն մասնակիորեն: