Երեւանում Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերին նվիրված հուշարձան կբացվի:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին է հաղորդել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասերյանը, տվյալ պահին բանակցություններ են ընթանում Երեւանի քաղաքապետարանի հետ՝ կապված հուշարձանի վայրի հետ: Նրա խոսքով՝ ծրագրվում է, որ հուշարձանը կտեղադրվի կենտրոնի մոտակայքում՝ լավ տեղում, որը կհամապատասխանի հուշարձանի արժեքավորությանը:

«Ներկայումս հուշարձանը փաստացի Հայաստանում է եւ հիմա լուծվում է դիզայնի հարցը, թե ինչպես է ամեն ինչ ձեւակերպվելու: Հուշարձանը տեղափոխել են Հիրոսիմայից: Դա ոչ մեծ, փոխադրելի քար է: Նման հուշարձան կա աշխարհի մոտ հարյուր պետություններում: Հուշարձանները տարբեր են, սակայն սկզբունքը նույնն է, այն խորհրդանշում է անմեղ զոհերին»,-հաղորդել է Մանասերյանը:

Հիշեցնենք, որ Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության արդյունքում զոհվել էր միանգամից մոտ յոթանասուն հազար մարդ, եւս յոթանասուն հազար մարդ զոհվել էր ավելի ուշ՝ վիրավորվելու եւ ռադիացիայի արդյունքում: