74-ամյա Արտաշես Համփերյանի համար, ով ցանկություն էր հայտնել ամուսնանալ, NEWS.am-ը հարսնացու է գտել:
Մեծահասակ տղամարդուն օգնելու համար դիմեցինք բազմաթիվ հաստատություններ, NEWS.am-ի խմբագրություն դիմողները եւս քիչ չէին:
Արտաշես Համփերյանին տեղեկացրինք իր պոտենցիալ հարսնացուների մասին: Երկար քննարկումներից հետո նա ընտրեց «Թիվ 1 տուն» ինտերնատում բնակվող մի կնոջ, ում անունը հասկանալի պատճառներով չենք նշում:
Արտաշես Համփերյանի ապագան հարսնացուն 56 տարեկան է, ուկրաինական արմատներով հայուհի է: Նա ամուսնացած չէ, հարազատներ չունի, 2 տարի առաջ հ/կ-ի միջոցով հայտնվել է տուն-ինտերնատում: Նրան ճանաչողները բնութագրում են որպես գեղեցիկ, շիկահեր, սպիտակամաշկ, ժպտերես եւ կենսուրախ անձնավորությամբ: Նա վատ սովորություններ, բնավորության գծեր չունի: կինը եւս ցանկանում է ամուսնանալ եւ դասավորել կյանքը:
Ի դեպ, առաջիկա շաբաթվա ընթացքում նախատեսվում է զույգի առաջին, ճակատագրական հանդիպումը: Արտաշես Համփերյանը մեզ հետ զրույցում նշեց, որ անհամբեր սպասում է այդ օրվան, այժմ զբաղված է ատամնաշարի հետ կապված խնդիրները կարգավորելով, որպեսզի կազմուպատրաստ ներկայանա հարսնացուին: 74-ամյա տղամարդը արդեն մտածել է, թե ինչպես է հանդիպելու իր կյանքի պոտենցիալ ուղեկցին՝ ծաղիկներով եւ շոկոլադով, մնացած գաղտնիքները չի բացահայտում:




























