ԱՄՆ-ում ավելի շատ երեխաներ էլեկտրոնային ծխախոտը ծխում են հենց դպրոցների շենքերի առջեւ: Վերջին տարիներին դպրոցականների շրջանում այս սարքերը լայնորեն ատարծվել են, գրում է The Washington Post-ը: Ամերիկացի ուսուցիչները դեռ ի զորու չեն որոշել, թե ինչ մեթոդներով է հնարավոր արդյունավետ պայքարել այդ «համաճարակի» դեմ:

Հիվանդությունների վերահսկողության ու պրոֆիլակտիկայի ազգային կենտրոնի (CDC) հաշվետվությունում ցավալի վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2012թ.-ին միջին ու ավագ դպրոցի աշակերտները երկու անգամ ավելի շատ են էլեկտրոնային ծխախոտ օգտագործում, քան մեկ տարի առաջ: Բժիշկները նշում են, որ ծխելու նման եղանակը արագ նիկոտինային կախվածություն է առաջացնում ու որպես կանոն ի վերջո հանգեցնում են սովորական ծխախոտ ծխելուն: Բժիշկները նաեւ ընդգծում են, որ այս վատ սովորությունը 90 տոկոս ծխողների մոտ ի հայտ է գալիս դեռահասության տարիքում, հաղորդում է Russia Today-ը:

CDC հաշվետվության համաձայն՝ էլեկտրոնային ծխախոտում առկա նիկոտինը նույնքան վնասակար է, որքան ավանդական ծխախոտը: Այն բացասաբար է ազդում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա, ինչպես նաեւ դեռահասների մտավոր ակտիվության վրա:

Երկրում խստիվ արգելված է սովորական ծխախոտի վաճառքը անչափահասներին, սակայն էլեկտրոնային ծխախոտի հանդեպ նույնքան խիստ կանոններ չեն գործում: Ամեն նահանգ խնդիրը լուծում է յուրովի: