Ապրիլի 1-14-ը «Երկրի Օր 2010 Հայաստան»-ի շրջանակներում տեղի է ունենալու ստորագրահավաք` ի աջակցություն Հայաստանում «կանաչ ապրելակերպ»-ի: Ստորագրահավաքը նպատակ ունի առաջարկներ ներկայացնել ՀՀ կառավարությանը և խրախուսել մասնավոր սեկտորի կազմակերպություններին` որդեգրել «կանաչ ապրելակերպ» մասնավորապես`
մեծացնել մեծ տարողունակությամբ և էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների քանակը,
նպաստել զտիչների արտադրության հիմնադրմանը ՀՀ-ում և նրանց օգտագործմանը տրանսպորտային միջոցներում,
տրամադրել արտոնյալ պայմաններ վերամշակված արտադրանքի արտադրության խրախուսման համար, մասնավորապես՝ վերամշակված թղթի արտադրման համար,
խրախուսել այն առևտրական կազմակերպություններին, որոնք պոլիէթիլենային տոպրակներից անցում կկատարեն վերամշակված թղթից պատրաստված տոպրակներին,
թղթի օգտագործումը նվազեցնելու նպատակով ներդնել և կիրառել փաստաթղթերի էլեկտրոնային ձևակերպման եղանակը,
նվազեցնել ջրի և էլեկտրաէներգիայի օգտագործումը, խրախուսել բոլոր այն մասնավոր կազմակերպություններին, որոնք կորդեգրեն նույն քաղաքականությունը,
աջակցել էներգիայի արտադրման այլընտրանքային (քամու և արևի) եղանակների ներդրման գործընթացին ՀՀ-ում,
սահմանել ամենամյա մրցանակներ «կանաչ ապրելակերպ» որդեգրած կամ բնապահպանական շարժման մեջ ներդրում ունեցած կազմակերպություններին և մասնավոր անձանց:
Ստորագրահավաքին միանալու համար պետք է այցելել Էկոլոգիական տեղեկատվության հասարակական «Օրհուս» կենտրոններ (www.aarhus.am):
«Երկրի Օր 2010 Հայաստան»-ի կազմակերպիչներն ու աջակիցներն են «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան», Էկոլոգիական տեղեկատվության հասարակական «Օրհուս» կենտրոնները, «Հայաստանի ծառատունկ» ծրագիրը, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը, «Հայաստանի թռչունների պահպանման միությունը», ԵԱՀԿ Երևանյան գրասենյակն ու Բրիտանական Խորհուրդը:




























