Այսօր առավոտյան` մոտավորապես ժամը 9:30-ին ավտովթար է տեղի ունեցել Սարալանջի փողոցում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, շրջվել է «24 69 S» պետհամարանիշի, 113 համարի երթուղային տաքսին: Նա բարձրանալիս է եղել դեպի Ազատության պողոտա, եւ բախվել է վերեւից իջնող ՎԱԶ 2109 մակնիշի ավտոմեքենային: Մարդատարը վնասվել է, իսկ երթուղային տաքսին, որում եղել են 8-9 ուղեւորներ, շուռ է եկել:
Անմիջապես դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենան, սակայն մինչ այդ վիրավոր ուղեւորներն իրենց հարազատների անձնական մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց: Շտապօգնության բժիշկները վիրավորներին ստուգելուց հետո ասել են, որ նախնական գնահատականն այն է, որ նրանք լուրջ վնասվածքներ չունեն, սակայն հնարավոր է ուղեղի ցնցում ստացած լինեն:
Դեպքի վայր են ժամանել նաեւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու քննիչները, որոնք մոտ 30 րոպե փակել են ճանապարհը տեղում քննչական գործողություններ իրականացնելու համար:
Դեպքի վայրում են նաեւ ճանապարհային ոստիկանության պարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանն ու Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը: Դեպքի պատճառը պարզ կլինի հետաքննության ավարտից հետո:
Բարեբախտաբար զոհեր չկան:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի




























