Փետրվարի 22-ին եւ դրան հաջորդող օրերին «Մեծ մուրճ» հեղաշրջման ծրագրի շրջանակներում ձերբակալված բարձրաստիճան զինվորականների մեծ մասն ազատ է արձակվել:
Մարտի 31-ին ընդհանուր առմամբ 19 զինվորական է ազատ արձակվել, որոնց մեջ է նաեւ «Մեծ մուրճ» ծրագրի փաստաթղթի տակ ստորագրած, 1-ին ցամաքային ուժերի նախկին հրամանատար Չեթին Դողանը: Այսպիով հիշյալ գործի շրջանակներում ձերբակալված 41 հոգուց կալանքի տակ է մնացել միայն 6-ը: Բոլոր ազատ արձակվածների համար դատարանը տարբեր հիմնավորումներ է ներկայացրել, որոնց շարքում հիմնականը եղել է ապացույցների անբավարարությունը:
Հիշյալ գործով զբաղվող դատախազները հայտնել են, որ բողոքարկելու են դատարանների որոշումները:
NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքական Taraf-ի կողմից հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ «Մեծ մուրճ» գործողությունների ծրագիրը իր մեջ ներառում էր եւս չորս ծրագրեր, որոնց արդյունքում պետք է ռազմական հեղաշրջում տեղի ունենար։ Նախատեսված է եղել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ պայթեցնել մզկիթներ, Էգեյան ծովի վրա գցել կործանիչներ, դրանցով ցույց տալ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թուլությունը եւ իրականացնել հեղաշրջում։




























