Աշխարհի պատմության մեջ առաջին անգամ, այսօր՝ նոյեմբերի 19-ին, ՄԱԿ-ը նշում է Զուգարանի օրը: Այն հաստատվել է այս տարվա հուլիսին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձեւով:
Այսպիսով, միջազգային հանրությունը փորձում է ուշադրությունը հրավիրել մարդկության 1/3-ի վրա, որը զրկված է սանիտարական նորմալ պայմաններից, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Աշխարհում յուրաքանչյուր րոպե դիարեայից, որն առաջանում է հիգիենայի միջոցների պակասի հետեւանքով, մահանում է մեկ երեխա: «Մենք պետք է վերացնենք տաբուն եւ սանիտարական միջոցների համընդհանուր հասանելիությունը առաջնահերթություն դարձնենք գլոբալ զարգացման համար»,-իր «զուգարանային» ուղերձում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը:
Զուգարանի միջազգային օրը նշելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Սինգապուրը, որտեղ գտնվում է Զուգարանային համաշխարհային կազմակերպության շտաբ-բնակարանը: Ներկայումս այն միավորում է աշխարհի 86 երկրների ավելի քան 500 ընկերությունների:





























