Թուրքիայում առաջին անգամ թույլատրվել է տոնել Իմրալը կղզում ցմահ բանտարկված, PKK-ի (Քրդական բանվորական կուսակցության) առաջնորդ Աբդուլահ Օջալանի ծննդյան տարեդարձը:

Բազմաթիվ քրդեր իրենց ցմահ ազատազրկված առաջնորդի ծննդյան 61 ամյակը տոնելու համար Թուրքիայի տարբեր վայրերից ժամանել են Ուրֆայի (Եդեսիա) նահանգի Օնբիրնիսան ավան, որտեղ ծնվել է Աբդուլահ Օջալանը:

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ` 8000 հազար քրդերից միայն 500-ին է թույլատրվել մտնել Օջալանի բնակավայր: Հավաքվածները, որոնց մեջ էին նաեւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորներ, մեկ րոպե լռությամբ հարգել են անցյալ տարի նույն օրը անվտանգության ուժերի հետ բախման արդյուքնում զոհված քրդերի հիշատակը: Հավաքվածները PKK-ի եւ Աբդուլահ Օջալանի օգտին կարգախոսներ են հնչեցրել:

Բազմաթիվ սպանությունների եւ պայթյունների կազմակերպման մեղադրանքով, Աբդուլահ Օջալանը 1999 թվականից ցմահ բանտարված է Թուրքիայի Իմրալը կղզում գտնվող հատուկ հսկվող կալանավայրում: Օջալանը ծնվել է 1949-ի ապրիլի 4-ին, սակայն ծննդականի մեջ գրանցվել է ապրիլի 14: