Ամառային արձակուրդների ժամանակ Երեւան-Բաթում գնացքը կաշխատի ամեն օր։
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը, Հայաստանից Աջարիա կատարվող ուղերթների քանակի ավելացման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել վրացական երկաթուղիների հետ բանակցությունների արդյունքում։
Նրա խոսքով, այս տարի, նախորդ տարվա երկու գնացքների փոխարեն կմեկնեն երեքը։ «Մեր տրամադրության տակ են 12 վերանորոգված վագոններ՝ նոր օդափոխիչներով եւ ռադիոհեռարձակման հնարավորությամբ։ Մոտ օրերս տեղում կլինեն եւս 8-ը։ Ամառային արձակուրդների սեզոնին կաշխատի նաեւ վրացական երկաթուղիների մեկ գնացք»,- ասել է Խակովը։
Մեկնումների քանակի ավելացմամբ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը հույս ունի ուղեւորների թիվը 17 հազարից հասցնել 25-27 հազարի։ Բարձրացվում է նաեւ մատուցվող ծառայությունների որակը։ Հենց սրանով է պայմանավորված ուղեվարձի աննշան՝ 1000 դրամով բարձրացումը։
Բնակչության շրջանում անցկացրած սոցիոլոգիական հարցումներից «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի ղեկավարությունը եկել է այն եզրակացության, որ անհրժեշտ է փոփոխել նաեւ մեկնելու ժամերը։ Մարատ Խակովը նշել է, որ ուղեւորների ժամանակը խնայելու համար Երեւանի կայարանից գնացքները կուղեւորվեն 14։00-ին եւ ոչ թե ուշ երեկոյան։ Շնորհիվ այս հանգամանքի՝ մարդիկ Աջարիա կհասնեն հաջորդ օրվա վաղ առավոտյան։ Այսինքն, հայ զբոսաշրջիկները կարող են առավելագույնս արդյունավետ անցկացնել իրենց հանգստի առաջին օրը։ Հաշվի է առնվել նաեւ հին չվացուցակով մեկնել ցանկացող ուղեւորների կարծիքը. սեզոնի պիկին շաբաթը երկու անգամ՝ երեքշաբի եւ ուրբաթ, գնացքները Երեւանից կմեկնեն երեկոյան։
Հայաստանի եւ Վրաստանի մաքսային ծառայությունների միջեւ ձեռք բերված համաձայնությամբ, ինչպես նաեւ երկաթգծերի վերանորոգման արդյունքում, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալի խոսքով, Երեւանից «Մախինջաուրի» կայարան հնարավոր կլինի հասնել ոչ թե 19 ժամ 40 րոպեում, ինչպես առաջ, այլ 17 ժամ 20 րոպեում։
Եւս մեկ նորամուծություն է առաջին անգամ Երեւանից հետադարձով տոմսեր գնելու հնարավորությւնը։ Դա հանգստացողներին կազատի Ուրեկիի, Քոբուլեթիի եւ Բաթումի կայարաններից տոմս հայթայթելու անհրաժեշտությունից։ Նախկինի նման՝ Հայաստանում տոմսեր հնարավոր կլինի ձեռք բերել մեկնումից 15 օր առաջ։



























