Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը Մադրիդյան սկզբունքների հակահայ բնույթի համար պետք է պատասխան տան Լեռնային Ղարաբաղի դատարանի առջեւ: ՀԺԿ գրասենյակում կազմակերպված «Հետմադրիդյան զարգացումներ» թեմայով քննարկման ժամանակ ՍԴՀԿ ներկայացուցիչ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը նշեց, որ 11-ամյա քոչարյանասերժական ռեժիմը Հայաստանը մտցրել է փակուղի: «Մադրիդյան սկզբունքներն արդեն փաստ են, եւ դրանք հակահայկական են: Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանն այդ սկզբունքների համար պետք է պատասխան տան Լեռնային Ղարաբաղի դատարանի առջեւ»,- նշեց Շիրխանյանն ու հավելեց, թե այդ սկզբունքների պատճառը հայկական կողմի բանակցողների փողամոլությունն ու իշխանատենչությունն է: ՊՆ նախկին փոխնախարարը նաեւ մի քանի դրույթ առաջարկեց, որով պետք է շարժվի հայկական կողմը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում: Ըստ Շիրխանյանի «ա) Հայաստանը Ադրբեջանին վերադարձնելու հող չունի, ունի Նախիջեանը մեզ վերադարձնելու խնդիր: բ) Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարություններին հայությունը պետք է մի պատասխան տա. „ 900 պատերազմական օրվա վերջում մենք եղել են Ռուսաստանի սահմանից 2 օրվա հեռավորության վրա, եւ կանգ ենք առել մեր բարի կամքով: Պատերազմի վերսկսման դեպքում այս անգամ հասնելու ենք սահմանին“: գ) Հայաստանի անօրինական իշխանություններին աջակցում են եվրոպական կառույցները, որ կարողանան վերջիններիս պարտադրել հակահայ սկզբունքներ: Հայաստանը պարտավոր է հիմնավորապես վերանայել իր մասնակցությունն այդ կառույցներին: դ) Արցախը պետք է ոչ թե մասնակցի, այլ ինքը վարի բանակցությունները, իսկ Հայաստանն այդ բանակցային գործընթացում անելիք չունի, բացի Ղարաբաղի անվտանգության երաշխավորը լիենլուց»: Ըստ Շիրխանյանի՝ այս սկզբունքներից ելնելով էլ հայկական կողմը պետք է մասնակցի բանակցային գործընթացին: