Մոսկվայում կյանքի 86-րդ տարում վախճանվել է թատրոնի ու կինոյի նշանակավոր դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Յակովլեւը: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել է Վախթանգովի անվան թատրոնի տնօրենը, որտեղ դերասանն աշխատել է ողջ կյանքում:
Թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկի խոսքով՝ Յակովլեւը վախճանվել է հիվանդանոցում:
«Յուրի Վասիլեւիչն ուշագնաց է եղել ու նրան տեղափոխել են հիվանդանոց»,- հայտնել է Կրոկը: Դերասանի հուղարկավորության տեղի ու ժամանակի մասին հավելյալ կհաղորդեն:
Թատրոնի ու կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Վասիլեւիչ Յակովլեւը ծնվել է 1928թ.-ի ապրիլի 25-ին Մոսկվայում, իրավաբանի ընտանիքում: Սովորել է երեկոյան դպրոցում, ավտոկայանում աշխատել է մեխանիկի օգնական: 1952թ.-ին ավարտել է Շչուկինի անվան Թատերական ուսումնարանը (դերասանուհի Ցեցիլիա Մանսուրովայի կուրսը): 1952թ.-ից Եվգենի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան է: Թատրոնի բեմում Յուրի Յակովլեւը խաղացել է ավելի քան 70 դեր: Կինոյում դերասանը սկսել է նկարահանվել 1956թ.-ից: Նրան հռչակ է բերել 1958թ.-ին «Ապուշը» կինոնովելում իշխան Միշկինի դերը, որը նկարահանել է ռեժիսոր Իվան Պիրյեւը: Հանդիսատեսի սերը նա վայելեց Էլդար Ռյազանովի ֆիլմերի շնորհիվ՝ «Հուսարական բալադում» Ռժեւսկին(1962թ.) եւ «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ»(1975թ.), հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























