Սարսափելի է, որ Հայաստանի բնակիչներին մշակութային կարիքների համար եկամտի ընդամենը  0.5%-ն է բաժին հասնում։ Այս մասին նոյեմբերի 30-ին լրագրողներին ասել է «Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը։  Դրանք իզուր չեն կարիք անվանվում, առանց դրանց մարդը չի կարող ապրել, հավելել է նա։

«Մեզ մոտ կենսապահովման նվազագույն բյուջեն առայսօր պաշտոնապես չի հաշվարկվում։ Բայց եթե կառավարությունն ի վերջո նման կարգ ընդունի, այն չպետք է միայն սննդով եւ հագուստով սահմանափակվի։ Թատրոնն ու օպերան էլ նույնանման կարիքներ են։ Եվ ոչ թե երկրորդական, այլ անհրաժեշտ։ Որովհետեւ մարդը միայն կոշիկ մաշելու եւ լոլիկ ուտելու համար չի ծնվում», – հայտարարել է  Արմեն Պողոսյանը։

Նա ուշադրություն է դարձրել, որ ԱՎԾ 2012թ. տվյալով՝ մշակութային կարիքների համար յուրաքանչյուր մարդ ծախսել է ամսական 178 դրամ, որը հավասարազոր է գրախանութի ամենաէժան գրքի մեկ ութերորդին կամ ֆիլհարմոնիայի ամենաէժան տոմսի մեկ հինգերորդին։  «Իհարկե, ինչ-որ տեղ մեղքի բաժին ունի մեր համաքաղաքացիների ծախսերի կուլտուրան։ Սակայն թատրոն այցելել ցանկացողները զրկված են այդ հնարավորությունից։ Մենք նման իրադրությունը պարզապես սարսափելի, մեզ համար խորապես ողբերգական ենք համարում», – հայտնել է Ա. Պողոսյանը։

Մինչեւ վերջերս այս ծախսերը ավելի քիչ էին եւ բացարձակ զրոյի էին հավասարվում՝ ամսական 3-4 դրամ։