Հայաստանում խաղատներից հարկերի գանձումը կկատարվի ըստ գոտիների։ Այս մասին ապրիլի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահե Արամյանը՝ նշելով, որ ներկայումս Հայաստանում գործում է 11 լիցենզավորված խաղատուն եւ 103 խաղաղասրահ։ Փոխնախարարի խոսքով՝ այս ընկերությունները ընդհանուր առմամբ տարեկան 4 մլրդ դրամ հարկ են վճարում։ «Խաղատների մասին Կառավարության հաստատած հայեցակարգով նախատեսվում է հարկերի գանձումը կատարել ըստ գոտիավորման, այսինքն՝ բարձր շահութաբերություն ապահովող վայրերում գործող խաղատները ավելի շատ հարկ պետք է վճարեն»,- ասաց Արամյանը՝ ավելացնելով, որ առաջին գոտում գտնվող խաղատների հարկերի չափը կլինի ամսական 1մլրդ 200 մլն դրամ, իսկ ամենացածր հարկը՝ 400 մլն դրամ, կգանձվի վերջին գոտում գործող խաղատներից։ Ըստ նրա՝ Խաղատների եւ խաղասրահների մասին օրենքի փոփոխություններով նախատեսվում է ավելի խստացնել վերահսկողությունը այդ բիզնեսի նկատմամբ։ «Ոլորտում մեծ է փողերի լվացման հնարավորության ռիսկը, եւ այս բիզնեսով զբաղվողները պետք է պետական մարմինների հետ սերտ համագործակցեն»,- նշեց փոխնախարարը՝ տեղեկանելով, որ խստացվելու է նաեւ խաղային ապարատների նկատմամբ տեխնիկական վերահսկողությունը։
Տեղեկացնենք, որ այսօր խաղային ապարատների մասին համապատասխան օրենքի պահանջը հետեւյալն է, ապրանքի ներկրման դեպքում պետք է նշվի ծագման երկիրը, այնուհետեւ պետք է սերտիֆիկացում անցնի, եւ գործունեությամբ զբաղվողը պետք է համապատասխան արտոնագիր ունենա։ Օրենքում նշված չէ մի կետ, որով պահանջվի, որ ապարատը պետք է որոշակի տեխնիկական նորմերի համապատասխանի։ Միացյալ Նահանգներում խաղային բիզնեսով զբաղվող ընկերությունները նշում են, թե ապարատները շահումի ինչ չափաբաժնով են աշխատում, եւ կազինոները մրցակցում են հեն այս կերպ, այսինքն՝ հաճախորդներին գրավում են շահումի բարձր տոկոս առաջարկելով։ ԱՄՆ-ում, բացի դրանից, օրենսդրորեն կարգավորվում է նաեւ շահույթի ապահովման նվազագույն շեմը, որը խաղասրահների համար երբեմն կազմում է 15-20 տոկոս։ Այսինքն՝ մնացած 80 տոկոսը պետք է շահեն հաճախորդները։ Այս նորմը ապահովվում է հատուկ տեխնիկական միջոցներով։ Ապարատների մեջ ծրագրավորված չիպեր են դրվում, որոնք էլ բաշխում են կատարում։ Չիպերը կնքվում են համապատասխան պետական գործակալությունների աշխատակիցների ներկայությամբ։
Հայաստանում առկա ապարատները ներկրվում են, սակայն, ինչպես նշեցինք, համապատասխան օրենքում տեխնիկական պահանջներ չկան։ Խաղասրահի սեփականատերերը հնարավորություն ունեն ցանկացած պահի փոփոխության ենթարկել ծրագրային չիպի բովանդակությունը եւ փոփոխել շահույթի չափաբաժինը։
NEWS.am-ի թղթակցի հարցին պատասխանելիս՝ փոխնախարար Արամյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է օրենսդրական փոփոխությունների միջոցով պարտավորեցնել խաղային ապարատ ներկրողներին, տեխնիկական սարքերը ներկրել վստահելի եւ ոլորտում հանրահայտ արտասահմանյան ընկերություններից, որոնց սարքերը հզոր պաշտպանություն ունեն, եւ հնարավոր չէ ապարատի շահումի չափաբաժինը փոփոխության ենթարկել։ Փոփոխություններից հետո պարտադիր կնքվելու են նաեւ ապարատների ծրագրային չիպերը։



























