Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 6-ին ընդունել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ տիկին Սուեր Բելասենին, ով Երեւանում է ֆեդերացիայի 37-րդ համաժողովի անցկացման առիթով:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի` Հայաստանի հետ ծավալած համագործակցությունը եւ ողջունել նման ներկայացուցչական կազմով համաժողովը Երեւանում անցկացնելու որոշումը:
ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում դեռեւս բազմաթիվ խնդիրներ կան, սակայն ակնհայտ է, որ հնարավոր չէ դրանք բոլորը միանգամից լուծել:
Տիկին Բելասենը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին` համաժողովը բարձր մակարդակով անցկացնելու գործում Հայաստանի ներդրած ջանքերի համար: Նա ՄԻՄՖ-ի համաժողովի անցկացումը մեր տարածաշրջանում բնորոշել է որպես պատմական իրադարձություն` նշելով, որ «Հայաստանի մայրաքաղաքն այսօր վեր է ածվել մարդու իրավունքների մայրաքաղաքի»: Նա ասել է, որ մարդու իրավունքների պաշտպանության առումով Հայաստանը տարածաշրջանում շահեկան դիրքերում է, եւ այսօր Հայաստանի միջոցով կարեւորվում է ողջ տարածաշրջանը:




























