Ֆրանսիայի Սենատն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օրինագծի, որով կոլեկտիվ պատասխանատվություն է սահմանվում ցույցերի ժամանակ տեղի ունեցող անկարգությունների համար, ինչպես նաև պարտավորեցվում է սոցիալական ցանցերին օպերատիվ կերպով կանխել վանդալիզմի կոչերի տարածումը։ Այս մասին հայտնում է «Public Senat» ինտերնետային պորտալը։
Սենատորները կողմ են արտահայտվել մի շարք միջոցառումների, որոնք ձախ քաղաքական թևի կուսակցությունները որակել են որպես հակասահմանադրական և ցույցերի ազատության իրավունքը ոտնահարող։ Մասնավորապես, նրանք քվեարկել են հանրային ակցիաների բոլոր մասնակիցների համար պատճառված վնասի դիմաց կոլեկտիվ պատասխանատվություն սահմանելու օգտին՝ նույնիսկ եթե տվյալ անձինք ուղղակի պատասխանատվություն չեն կրում, սակայն գտնվել են վանդալների կամ խուլիգանների խմբի կազմում և իրավապահ մարմինների աշխատակիցների երկու հորդորից հետո չեն լքել այն։ Օրինագիծը պետությանն իրավունք է տալիս յուրաքանչյուր անձից գանձել մինչև 10 հազար եվրո փոխհատուցում, նույնիսկ եթե նա ուղղակիորեն պատասխանատու չէ պատճառված վնասի համար։





























