Եվրոպական ուղղությունը Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակարեւոր բաղկացուցիչներից մեկն է, եւ Հայաստանը շահագրգռված է համագործակցության խորացմամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 6-ին Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն իր հերթին նշել է, որ բավականին մոտ է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ պայմանագրային նոր հարաբերությունների ձեւավորման նպատակակետը, ինչը ենթադրում է համագործակցության ավելի բարձր աստիճան:

Զրուցակիցները շահագրգիռ քննարկել են «Արեւելյան գործընկերության» հետ կապված հարցերը: Կողմերը համակարծիք են եղել, որ Եվրոպան ու Հայաստանը կապող հիմնական օղակը արժեքային համակարգերի ընդհանրությունն է եւ այդ ընդհանրությունը նոր արդյունքների շարժիչ ուժ դարձնելու համար անհրաժեշտ է ավելի արդյունավետ ու լիարժեք օգտագործել ընձեռված հնարավորությունները:

Հանրապետության նախագահը եւ ԵՄ բարձրաստիճան պատվիրակները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Հանձնակատար Ֆյուլեն վերահաստատել է Եվրամիության անվերապահ աջակցությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ բարձր է գնահատել Հայաստանի նախագահի այդ ուղղությամբ ցուցաբերած վճռականությունն ու ջանքերը: