ԱՄՆ Կոնգրեսում, դեկտեմբերի 4-ին, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը առանձին հանդիպումներ է ունեցել Կոնգրեսի անդամներ Ադամ Շիֆի եւ Աննա Էշուի հետ եւ քննարկել ԱՄՆ-ի եւ Արցախի միջեւ հարաբերությունների ընդլայնման հեռանկարները:
Արցախի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին՝ ակտիվ արցախանպաստ գործունեության համար, ապա հակիրճ ներկայացրել երկրում եւ տարածաշրջանում ընթացող զարգացումները:
Զրուցակիցները կարեւորել են քաղաքական, տնտեսական եւ մարդասիրական կապերի աշխուժացումը:
Այնուհետեւ Արցախի խորհրդարանի նախագահն այցելել է «Ամերիկայի ձայն» լրատվական գործակալություն եւ հարցազրույց տվել նույն կառույցի հայկական ծառայությանը:
Օրվա երկրորդ կեսին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կայացել է ընդունելություն՝ ի պատիվ ԼՂՀ ԱԺ նախագահի, որին հրավիրված են եղել Վաշինգտոնում գործող դիվանագիտական, հանրային եւ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ընդունելության մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել են Միացյալ նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Թաթուլ Մարգարյանը եւ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
Միջոցառման ընթացքում ՀՀ եւ ԼՂՀ պետական պարգեւներ են հանձնվել ամերիկահայ մի շարք հասարակական գործիչների՝ համազգային խնդիրների լուծման գործում նրանց ունեցած ավանդի համար:




























