Վիլնյուսում կար հիասթափության մթնոլորտ, որ ապագա համագործակցությունը Արեւելյան գործընկերության շրջանակներում, մարդու իրավունքների այլ ոլորտներում բարեփոխումներ կատարելու եռանդը կարող է պակասել կամ ընդհանրապես մարել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ԵՄ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային նախկին համակարգող, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ով վերջերս է վերադարձել Վիլնյուսից, որտեղ մասնակցում էր գագաթնաժողովին զուգահեռ ընթացող քաղաքացիական ֆորումին:

Նա նշեց, որ Հայաստանի վերաբերյալ Վիլնյուսում այնպիսի կարծիք կա, որ այս երկիրը չունի հստակ հավակնություններ եւ այն արժանի չէ միջազգային հանրության ուշադրությանը:

Բորիս Նավասարդյանն ասաց, որ Հայաստանը ցանկանում էր, որպեսզի որեւէ փաստաթղթում Ղարաբաղի մասին լինեն ընդհանուր դրույթներ եւ Եվրամիությունը ընդամենը ընդառաջ գնաց Հայաստանի ցանկություններին, որը մեծ զիջում էր: «Եվրամիությունում կան 28 երկրներ, որոնք ունեն իրենց արտաքին քաղաքականությունը, կան երկրներ, որոնց համար Արեւելյան գործընկերության հիմնական գրավչությունը նրանում է, որպեսզի թուլացնեն Ռուսաստանի ազդեցությունը հարեւանների վրա»,- ասաց Երեւանի մամուլի ակումբի ղեկավարը:

Ինչ վերաբերում է մյուս հանգամանքին, թե ՀՀ ապրանքների՝ եվրոպական շուկայում մրցունակության համար պահանջվող երկար տարիները եւս այդ հիասթափության հարցում որոշակի դեր խաղացին, Բորիս Նավասարդյանը ասաց, որ հայկական ապրանքները պետք է մրցունակ լիեին եւ դրա համար շատ մեծ ջանքերի կենտրոնացում էր հարկավոր: Նա ընդունեց նաեւ, որ եվրոպական կառույցները կատարվածում մեղքի որոշակի բաժին ունեն, որ նախորդ երեք տարիներին աջակցել են իշխանություններին՝ կեղծված ընտրությունների արդյունքները ժողովրդավարական համարելով:

Անձամբ ԵՄ ընդլայնման եւ Եվրոպական Հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն իր կողմից միայն մեկ սխալ է ընդունել՝ քաղաքացիական հասարակությանը գործընթացների մասին տեղյակ չպահելը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am