Քիչ առաջ ավարտվեց Հայ ազգային կոնգրեսի բազմահազարանոց երթը, որը իր նախորդներից տարբերվում էր նրանով, որ այս անգամ ոստիկաններն իրենց անհամեմատ պարկեշտ էին պահում, ժպտում էին լրագրողներին եւ անգամ հագել էին տոնական հագուստներ: Եթե նախորդ անգամներին նրանք դաշտային ոստիկանի համազգեստով էին, այս անգամ ոստիկանական կոստյումներ էին հագել: Իսկ սրա պատճառն այն է, որ Երեւանում մեկնարկել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) համաժողովը, որին մասնակցում են նաեւ իշխանության ներկայացուցիչները:

Ոստիկանների գործողությունները կանոնակարգում էին Երեւան քաղաքի ծառայության գծով փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն ու Ոստիկանության պարեկապահակային ծառայության պետ Վալերի Օսիպյանը: Երթի մասնակիցները վանկարկում էին. «Լեւոն նախագահ», «Ազատ, անկախ Հայաստան», «Ազատություն» եւ այլն: Սակայն վանկարկումները հունից չէր հանում Ռոբերտ Մելքոնյանին:

Ընդդիմության երթի առջեւից քայլում էին կալանավորի հագուստ հագած եւ կրծքներին քաղբանտարկյալների անունները փակցրած երիտասարդները:

Հավելենք, որ երթին նախորդած հանրահավաքում ներկա էին եւ ելույթներ ունեցան FIDH-ի համաժողովի մասնակիցները: Ընդդիմության երթը անցավ Մաշտոցի, Ամիրյան, Նալբանդյան փողոցներով եւ Թումանյան փողոցով հասավ մինչեւ Հյուսիսային պողոտա: