Ռուսաստանի կողմից Հայաստանին վաճառվող գազի գինը շարունակում է մնալ արտոնյալ: Այս մասին այսօր Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի վարչական տարածքում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Գազպրոմ» ընկերության մերձավոր արեւելքի հետ աշխատանքների վարչության պետ Անատոլի Պոդմիշայլսկին, ով նաեւ «ՀայՌուսազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահի տեղակալն է: Նրա խոսքով, Ուկրաինայում 1000 խմ գազի միջին գինը կազմում է 350 դոլար, Բելառուսում` 200 դոլար, Մոլդովայում` 300 դոլար, իսկ եվրոպական երկրներում գազի միջինացված գինը տատանվում է 325-330 դոլարի սահմաններում, այնինչ Հայաստանում 2010-ի ապրիլի 1-ից այդ գինը 154 դոլարից բարձրացել է հասնելով 180 դոլարի:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից ՀՀ-ում սովորական քաղաքացիները 1000 խմ գազի դիմաց վճարում են 330 դոլար, թեեւ ռուսական կողմը գազը վաճառում է 180 դոլարով: Ընդ որում, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը իր ասուլիսներից մեկում նշել էր, որ Կիեւում գազի սակագինն անհամեմատ ցածր է, քան Երեւանում, թեեւ նրանք գազը գնում են շատ ավելի թանկ գնով:
Անատոլի Պոդմիշայլսկին հիշեցրել է նաեւ, որ 2006-2009 թվականներին 3 տարի անընդմեջ Հայաստանին գազ էր մատակարարվում 110 դոլարով եւ միայն 2009-ի ապրիլի 1-ից այդ դարձավ 154 դոլար, իսկ 2010-ին` 180 դոլար:
«Գազպրոմն», իհարկե, առավելապես ջանում էր պահել նախկին գինը, բայց, բոլոր դեպքերում, գալիս է մի ժամանակ, երբ այլեւս տեղում կանգնել հնարավոր չէ, եւ գազի գները բարձրացան ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում",- ընդգծել է նա:



























